Մայր Աթոռը Ադրբեջանի հոգևոր առաջնորդին՝ Հայ Եկեղեցու պահանջն անփոփոխ է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի կողմից հնչեցված մեղադրանքներին:

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Ալահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները, Մայր Աթոռում ասել են.

«Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է և շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռևանշիզմ։

Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությանը և տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը և հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին։

Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգևոր հեղինակությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը»։

Ալահշուքյուր Փաշազադեն, մասնավորապես, ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու»: Նա պնդել է, որ «այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում»։