Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը

Հայաստանցի ռազմական բժիշկները Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը ապրիլի 30-ից (շարժական դաշտային հոսպիտալը) ծավալվել է զորավարժարանում։

Նշվում է, որ միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։

Այն կշարունակվի մինչև մայիսի 10-ը։

ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ (Role 2MTF)։ Նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։

Sputnik Արմենիա