Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը

Ոստիկանները բացել են Կիրանց գյուղի երկու մուտքերը, սակայն շարունակում են մնալ գյուղում: Ըստ էության, ականզերծման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Գյուղացիները դեռևս սպասողական վիճակում են, որպեսզի հասկանան, թե ի՞նչ է տեղի ունենալու հետո»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։

ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաև լրագրողներին: