ՀԺՄ․ Լրատվամիջոցների դեմ բռնաճնշումները ՀՀ իշխանության թողտվությամբ են

Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում տևական ժամանակ է` դարձել է ոչ թե լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորելու, այլ երկրում մամուլի ու խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից ճնշումների ու իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնությունների համակարգված բնույթը, անպատժելիությունը հիմնավոր կասկած են հարուցում, որ մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ, հովանավորությամբ, իսկ երբեմն՝ նաև ուղղակի ցուցումով»,– նշված է հայտարարության մեջ։

Միությունից նշում են, որ մամուլի ու խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանության անհանդուրժողականությունն ունի խորը քաղաքական դրդապատճառներ. երկրում մամուլը իշխանությանը հակակշռող, նրա գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգն է։

«Հետևաբար՝ պայքարելով խոսքի ու մամուլի ազատության դեմ՝ իշխանությունը լուծում է ավտորիտար բնույթ ստացող իշխանական բուրգի դիրքերն ամրապնդելու, նրա գործունեությունը հանրային վերահսկողությունից դուրս դնելու հակաժողովրդավարական խնդիր»,– նշում են ՀԺՄ–ից։

Միությունից ցավով արձանագրում են, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀ–ում գործող որոշ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների անտարբերության` հիմնականում լռության պայմաններում, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ հանուն աշխարհաքաղաքական նպատակների՝ նրանցից շատերը պատրաստ են հանդուրժել իրենց իսկ հռչակած արժեքների ոտնահարումը։

Sputnik Արմենիա