ՇՈՒՇԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿԻՐԱՆՑԻՑ

Կրկին եկավ այդ օրը՝ մայիսի 8-ը։ Օր, երբ իրականացվեց «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական գործողությունը: Օր, որը նախկինում մեզ համար առանձնահատուկ, Շուշին մեզ վերադարձրած տոն էր, որ լցնում էր մեր սիրտը հպարտությամբ, ցնծությամբ, անասելի երջանկությամբ:

Կրկին եկավ օրը, որն արդեն չորրորդ անգամ լի է դառնությամբ, ահռելի, պատմական մասշտաբի կորստի զգացումով և սիրելի քաղաքի նկատմամբ անտանելի կարոտով: Աղետի վշտով, որը կուղեկցի մեզ մշտապես, քանի դեռ չենք վերադարձել 1992 թվականի մայիսի 8-9 և կրկին կատարված չենք զգացել պատմական առաքելությունը՝ Շուշիի ազատագրումը:

Խոսել այն մասին, թե ինչ է նշանակում Շուշին հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի, հոգեկերտվածքի, ինքնության համար՝ նույնքան անիմաստ է, որքան խոսել Հայաստանի համար ընդհանրապես Արցախի նշանակության մասին: Այդ նշանակությունը ենթակա չէ հաշվարկման ոչ մի ձևաչափով և ոչ մի համատեքստում: Առանց Արցախի և առանց Շուշիի չի կարող լինել լիարժեք Հայաստան. փաստ, որը վեր է ժամանակից և քաղաքական հաշվարկներից։

Եվ որքան էլ մենք առ այսօր տառապում ու սգում ենք Շուշիի կորուստը 2020-ի նոյեմբերի սկզբին, որքան էլ գիտակցում ենք, որ բերդաքաղաքի հանձնումը տեղի է ունեցել դավաճանության արդյունքում, ինչպեսև ընդհանրապես Արցախի հանձնումը, փաստ է մնում նաև այն, որ այսօր մեր քաղաքը թշնամու ձեռքում է: Եվ այդ թշնամին անելու է և անում է ամեն ինչ՝ հայկական Շուշին ոչնչացնելու համար։ Շուշիի ու Արցախի կորստյան զգացումը նման է սեփական էությանդ մասի, ազգային «Ես»-ի, քո դարավոր տան, արմատներիդ կորստի զգացողությանը. այն ամենի, ինչը անչափ բովանդակալից հաղորդում է «Հայրենազրկում» բառը:

Հայրենազրկումն այն է, ինչը երբեք չի կարող ներվել իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչներին։ Հայրենազրկումը՝ կանխամտածված, գիտակցված դավաճանության արդյունքում, մի քանի հազար հայրենակիցների կյանքի նույնքան գիտակցված ու միտումնավոր զոհաբերումով, ոճրագործություն է, որը երբեք, ոչ մի պարագայում չի կարող և չպետք է ներվի: Իսկ եթե դրանից անմիջապես հետո քաղաքը, որտեղ ամենուր հայկական շունչն է, որտեղ անջնջելի է ազգային ոգին և ապրում է հայ ժողովրդի հոգին, ողբերգության գլխավոր մեղավորն անվանում է «դժգույն ու դժբախտ», ապա դա շատ ավելին է, քան դավաճանություն ու հանցագործություն՝ միասին վերցրած։

Դա անարգանք ու ծաղր է մեր պատմության, մշակույթի, մեր էության նկատմամբ՝ որպես ազգի և պետության։ Բայց ինչ-որ անըմբռնելի կերպով մենք դա հանդուրժեցինք և առ այսօր հանդուրժում ենք նրան, ով այդ ոճիրը գործեց, և գործեց միտումնավոր, ցուցադրաբար, չթաքցնելով Շուշին ու Արցախը սիրող բոլորին ցավ պատճառելու իր անասնական ցանկությունը: Նսեմացնելու այն, ինչ արվել է 1992 թվականի մայիսին, անարգելու հերոսներին, որոնք գործել են այդ սխրանքը և ժողովրդին վերադարձրել իր սիրելի քաղաքը։ Վերադարձրել, ինչպես այն ժամանակ թվում էր մեզ, առհավետ։ Պարզվեց՝ քսանութուկես երջանիկ տարով

ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՇՈՒՇԻՆ, ԱՎԵԼՈՐԴ Է։ Բայցև պետք է հստակ հասկանալ, որ առաջիկա տարիներին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ երազել այդ մասին։ Միակ բանը, որ այսօր կարող ենք անել, ամեն կերպ դիմադրելն է վանդալիզմին ու բարբարոսությանը, որպեսզի թույլ չտանք ոչնչացնել քաղաքի հայկական սրբավայրերը։ Սակայն այդ խնդիրը նույնպես անիրագործելի է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին են այս ճիվաղն ու իր ոհմակը։ Անհնար է մտածել Շուշիի և Արցախի վերաազատագրման մասին, քանի դեռ վտանգված է բուն Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ վտանգված է հայոց պետականության գոյությունը։ Որքան էլ դառն է դա գիտակցել, բայց մենք այսօր շատ ավելի հեռու ենք Շուշիից, քան խորհրդային տարիներին։

Մենք ազատագրեցինք Շուշին ընդամենը 4 տարի անց 1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեկնարկից։ Թատերական հրապարակում օրերով կանգնած մարդիկ այն ժամանակ ենթադրել անգամ չէին կարող, որ դա հնարավոր է, և որ 1992-ի մայիսի 9-ի վաղ առավոտյան հայ զինվորները մտնելու են լեգենդար բերդաքաղաք իսկական տիրոջ իրավունքով։

Այն կադրերը, որտեղ թուրքերի կողմից կիսաքանդ ու պղծված Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարում հնչում է տասնամյակների ընթացքում առաջին հայերեն աղոթքը, վաղուց դարձել են սրբազան, իսկ 2020-ի նոյեմբերից՝ լոկ նոստալգիկ, որոնք ոչ թե ուրախության ու հպարտության, այլ վշտի ու անզոր ցասման արցունք են քամում աչքերից։

Այն, ինչ սկսվեց Կիրանցում մայիսի 4-ին, տանում է մեզ դեպի ազատագրում թուրքական բռնազավթումից։ Ճիշտ այնպես, ինչպես 92-ին բռնազավթումից ազատագրվեց Շուշին, իսկ այնուհետ՝ ողջ Արցախը։ Այդ Հաղթանակը սկսվեց Ստեփանակերտում ու Երևանում ծավալված հանրահավաքներից, իսկ հետո արյան, ծանրագույն փորձությունների, տառապանքների և վիթխարի կորուստների միջով տարավ մեզ Շուշի։ Այսօր Հայաստանի ազատագրումը սկսվում է Տավուշից և պետք է վերադարձնի հայ ժողովրդին Արցախ։

Շուշին դեռևս անհասանելի է, բայց այն կանգուն է և համբերատար սպասում է մեզ։ Ոչինչ, որ սա դեռ լոկ փոխաբերություն է, բայց այն կարող է միս ու արյուն ստանալ, կարող է իրականություն դառնալ, եթե հավատանք և նույնքան համբերատար ու տքնաջան աշխատենք: Ոչինչ չխնայելով, չմտածելով գնի մասին, հստակ նպատակ դնելով մեր առջև և ամեն ինչ անելով դրան հասնելու համար: Հեռացնելով ու պատժելով դավաճաններին, հանրային գիտակցությունից արմատախիլ անելով Հայրենիքին դավաճանության բուն հասկացությունը և բացառելով աղետի կրկնությունը: Հասկանալով ճանապարհի ողջ բարդությունը, անխուսափելի փորձությունների ողջ ծանրությունը, միևնույնն է, գնալ և նայել միմիայն առաջ:

Միայն այդպես և ոչ այլ կերպ կարելի է կրկին վերադարձնել Շուշին։ Միայն Կիրանցում սկսված նոր Ազգային շարժման հաղթանակն է, որ կարող է ճանապարհ ու հնարավորություն բացել Արցախի ազատագրման համար: Այն ժամանակ՝ 1988-ին, երազել անգամ չէինք կարող, որ գալու է 1992-ի մայիսի 8-ը։ Բայց եկավ։ Եվ անպայման գալու է կրկին։ «Հարսանիքը լեռներում» անպայման պետք է տոնվի, իսկ Ղազանչեցոց տաճարում անկասելիորեն պետք է վերստին հնչի հայերեն աղոթքը:

Եվ աղոթքն այդ կրկին, ինչպես այն անմոռանալի օրը, առաջինը կհղեն առ Աստված ազատամարտիկներն ու Հայ Եկեղեցու հոգևորականները: