ՔԿ-ն արդեն երրորդ հաղորդագրությունն է տարածել՝ անդրադառնալով բողոքի ակցիաներին
ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն երրորդ հաղորդագրությունն է տարածել՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հաղորդագրություններից մեկում ՔԿ-ն հորդորում է շարժման կազմակերպիչներին ու մասնակիցներին պահպանել հավաքների ազատության օրենսդրական պահանջները, դրևորել իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։
Րոպեներ անց ՔԿ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «TikTok»-ում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակիցներից մեկը խոսակցություն է հրապարակել՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ։
Ըստ ՔԿ-ի՝ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։
Sputnik Արմենիա