Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին բազմաթիվ քաղաքացիներ են միանում

Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը արդեն մտավ Երևան, միանում են բազմաթիվ քաղաքացիներ։ Այս մասին երթի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան երթը հասել էր Աբովյան քաղաք։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։

Շարժման անդամներն իրենց ձեռքին ունեն պաստառներ՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» գրություններով, շատերն իրենց ձեռքին ունեն Արցախի ու Հայաստանի դրոշները։

Հատկանշական է, որ այսօրվա քայլերթին շարժման անդամները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված են զոհված զինծառայողների նկարները։

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

Երթի մեկնարկին Բագրատ Սրբազանն ասել էր. «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»։