Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն շարունակվել են 2,5 ժամ

Պեկինում ավարտվել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպման արդյունքների հիման վրա պետությունների ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին։

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ընդարձակ փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ։ Դրանում նշվում է երկկողմ հարաբերությունների «հատուկ բնույթը», նախանշվում են զարգացման հետագա ուղիները, նշվում է Ռուսաստանի և Չինաստանի առաջատար դերը արդար և դեմոկրատական աշխարհակարգի ձևավորման գործում։

Պուտինը պետական այցով Չինաստան էր մեկնել նախօրեի երեկոյան։ Սա ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պաշտոնն ստանձնելուց հետո։

Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են նեղ կազմով, հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Բանակցություններն ընդհանուր առմամբ շարունակվել են 2,5 ժամ։

News.am