ԲԱՆԿԵՐ-2018. ԵՐԱԿԱԶԱՐԿԸ ՆՈՐՄԱԼ Է, ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՉԱՓ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը ս.թ. մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր 2018 թվականին Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքների ամփոփմանը, որոշեց հենց սկզբից կատարել շեշտադրումները, հայտարարելով, որ մեր երկրի բանկային համակարգի միջին եկամտաբերությունը կազմում է ընդամենը 8%, ինչը մեծապես զիջում է ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի (12%), այլև հարևան Վրաստանի (20%) համանման ցուցանիշներին։
Բացի այդ, կոմբանկերը ոչ մի շահ ու նպատակ չունեն տիրանալու փոխառուների ունեցվածքին կամ բիզնեսին. նրանք ներգրավում են այդ թվում նաև ավանդատուների դրամական միջոցները, ավելի ուշ դրանք հատկացնելով վարկերի տեսքով, իսկ իրենք գործում են ներգրավվող և դուրս տրվող միջոցների միջև բավական համեստ մարժայի (տարբերության) հաշվին։ Ահա թե ինչու բանկերի վրա ահռելի պատասխանատվություն է ընկած իրենց ավանդատուների միջոցները վերադարձնելու համար, և ֆիզիկական անձանց վարկեր տրամադրելիս՝ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու գործառնական ծախսերը, հաշվի է առնվում մասնավորապես հետևյալ հանգամանքը. ունի՞ արդյոք հնարավոր փոխառուն այնպիսի եկամուտ, որ իրեն տրամադրված վարկի մարումը (մայր գումար պլյուս տոկոսներ) չգերազանցի այդ եկամուտի 60%-ը, իսկ մնացած միջոցներն ուղղվեն տնային տնտեսության կարիքները բարելավելուն։
ՀԲՄ-ի գործադիր տնօրեն Սեյրան ՍԱՐԳՍՅԱՆԸ, ներկայացնելով անցած տարում բանկային համակարգի գործունեության արդյունքները, հայտնեց, որ Հայաստանում գործում են 17 կոմբանկեր՝ 11 հազար 773 մարդուց կազմված ընդհանուր անձնակազմով։ Կոմբանկերի տարեկան ընդհանուր եկամուտը 2018 թվականի վերջին կազմել է 771,1 մլրդ դրամ (աճը նախորդ տարվա համեմատությամբ՝ 78 մլրդ դրամ կամ 11,3%), ակտիվները՝ 4 տրլն 963,5 մլրդ (աճը 611 մլրդ դրամ կամ 14%), վարկերը՝ 3 տրլն 245,4 մլրդ (աճը 392 մլրդ դրամ կամ 13,7%), իսկ պարտավորությունները՝ 4 տրլն 192,4 մլրդ դրամ։ Այստեղ Ա.Հանեսյանը հայտնեց, որ կապիտալի մեկ միավորը թույլ է տալիս ներգրավել մինչև 7 միավոր (հիմնականաում այնուհետ փոխարկվելով վարկերի), այսինքն ընդհանուր կապիտալի նշված աճը բանկերի առջև լայն հնարավորություններ է բացում մեծացնելու իրենց ֆինանսական միջնորդությունը երկրի տնտեսությունում։
Իսկ ինչ վերաբերվում է բանկային պորտֆելին, ապա դրա տեղաբաշխումը հիմնական ուղղություններով ունի հետևյալ պատկերը. հիպոթեք՝ 263,3 մլրդ դրամ (աճը 22%), գյուղատնտեսություն՝ 169,4 մլրդ (աճը 5,7%), արդյունաբերություն՝ 540,3 մլրդ (աճը 9,4%), առևտուր՝ 565,1 մլրդ (աճը 13%), ծառայություններ՝ 225,1 մլրդ (աճը 31,2%), սպառողական վարկեր՝ 789,1 մլրդ դրամ (աճը 36%)։ Միակ ոլորտը, որը նախորդ տարվանից ավելի քիչ է վարկավորվել, շինարարությունն է (նվազել է 1,8%-ով)։ Եվ, վերջապես, նկատենք, որ եթե 2011 թվականին վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 35,4%, ապա 2018 թվականն ավարտվել է 54,1% ցուցանիշով, ինչը վկայում է տնտեսության մեջ կոմբանկերի ֆինանսական միջնորդության տարեցտարի աճի մասին։
Ընդհանուր ավանդները աճել են 273 մլրդ դրամով (10,5%-ով) և կազմել 2 տրլն 863 մլրդ դրամ։ Այստեղ արժե նշել, որ ավանդների ծավալը բանկերում դինամիկորեն, երկնիշ տեմպերով աճում է նույնիսկ անհանգիստ, ճգնաժամային տարիներին, ինչը վկայում է բանկային համակարգի նկատմամբ վստահության և ցնցումներին դիմակայելու նրա կարողության մասին։ Ի դեպ, հայտնի է, որ 2018 թվականի 2-րդ եռամսյակում բոլորին հայտնի պատճառներով ավանդների ծավալը բանկերում կրճատվեց 38 մլրդ դրամով, սակայն արդեն հաջորդ եռամսյակում ցուցանիշը ոչ միայն լիովին վերականգնվեց, այլև աճեց 136 մլրդ դրամով, այնպես որ տարեկան կտրվածքով անցած տարվա ապրիլ-մայիսի իրադարձությունների բացասական ազդեցությունը ավանդների ծավալի վրա լիովին չեզոքացվեց։ Այստեղ պարոն Հանեսյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ ավանդների նշանակալի աճը տեղի է ունենում դրանց տոկոսադրույքների իջեցման խորապատկերին (միջինը՝ 3 և ավելի տոկոսային կետով)։ Ի դեպ, վարկային դրույքներն ընդհանրապես իջել են 4,5%-ով)։
Անցած տարին Հայաստանի կոմբանկերի համար բավական հաջող էր նաև շահույթի ստացման առումով, որը կազմել է 62 մլրդ դրամ (աճը 27,4%)։ Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 1,34%, կապիտալինը (ROE)՝ 8,36%. ի դեպ, վերջինս բավական ցածր ցուցանիշ է։ Եվ վերջապես, պետք է ասել, որ անցած տարվա ընթացքում բանկային մասնաճյուղերի թիվն աճել է լոկ 8-ով (ընդամենը՝ 537), քանի որ բանկերն այսօր միջոցներ են ներդնում հիմնականում հեռավոր ծառայությունների զարգացման գործում (մոբայլ-բանկինգ, ինտերնետ-բանկինգ և այլն)։
«ԳԱ»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես ազդեց անցած տարվա վարկային համաներումը փոխառուների վարքագծի վրա, Ս.Սարգսյանը հաղորդեց, որ այդ ակցիայի արդյունքում խնդրահարույց վարկերի տուգանքների և տույժերի ներում է ստացել 19 հազար ֆիզիկական անձ՝ 9,5 միլիարդ դրամ ընդհանուր գումարով։ Նա առանձնակի ընդգծեց, որ ակցիան մեկանգամյա էր, ընդ որում բանկերի համար ոչ թե ստիպողական, այլ հոժարակամ, այնպես որ նման բան ակնկալել այսուհետ չարժե։ Հենց դրանում է ամփոփված մարդկանց ուղղված ճշգրիտ ազդանշանը, մեսիջը։
Իր հերթին, Ա.Հանեսյանը նշեց, որ բանկերը միշտ վարկերի վերակազմավորման են դիմում այն փոխառուների համար, որոնք պատրաստակամություն են հայտնում մարել մայր գումարը, բայց իրենցից չկախված ինչ-ինչ հանգամանքների բերումով դրա հնարավորությունը չունեն։ Նման դեպքերում բանկերը զիջում են տուգանքներն ու տույժերը, թեև շարունակում են այդ ուղղություններով կրել հարկային պարտավորություններ։ Այդ պատճառով էլ խորհրդարանը 2018 թվականին ընդունեց հարկային շտկումներ, որոնք բանկերին հնարավորություն են տալիս առանց հարկային ծախքերի իրավունք ստանալ չեղարկելու որոշակի կատեգորիայի պարտատեր-ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները։ «Եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա մենք դեմ չենք, քանի որ բանկերի հիմնական խնդիրն է՝ վերադարձնել տրված վարկի մայր գումարը»,-ասաց Ա.Հանեսյանը։
Հաշվի առնելով որ ՀԲՄ ղեկավարը նաև կոնկրետ բանկի՝ «Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենն է, «ԳԱ»-ի թղթակիցը խնդրեց պրն. Հանեսյանին ներկայացնել նաև երկրի բանկային համակարգի այդ առաջատար հաստատության դերը 2018 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման գործում։ Ներկայացվեցին հետևյալ ցուցանիշները. անցած տարվա ընթացքում «Ամերիաբանկ»-ի սպառողական վարկերի պորֆելն աճել է կրկնակի, հիպոթեքինը՝ ավելի քան 50%-ով, բիզնես-վարկերը՝ 14%-ով։ Այդ պատկառելի նվաճումները գրանցվել են, մասնավորապես, նոր ծառայությունների ներդրման հաշվին։ Դրանք են՝ նախ, օնլայն վարկերի տրամադրումը, առաջին հերթին՝ սկորինգի հիմքի վրա (երբ վարկային հայտի պատասխանը կարելի է ստանալ մեկ-երկու րոպեում և դրական պատասխանի դեպքում այդ միջոցներն անմիջապես կհայտնվեն հաճախորդի քարտի վրա) և երկրորդ, փոքր և խոշոր բիզնեսի անգրավ ֆինանսավորումը մինչև 10 միլիոն դրամի չափով (այդպիսի օնլայն-վարկի դիտարկումն ու տրամադրումը տևում է մինչև 5 րոպե)։ Այս տարի կներդրվի ևս երկու օնլայն-արտադրանք, ընդ որում՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։ Ա.Հանեսյանը նաև ընդգծեց, որ վերջին 10 տարիներին (2008 թվականից) «Ամերիաբանկ»-ը վարկավորել է Հայաստանի տնտեսությունն ավելի քան 4,5 մլրդ դոլար գումարով, որից 1,2 միլիարդը ուղղվել է արտահանման ֆինանսավորմանը։
Եվ վերջինը։ Ծանր տարիներին (2014-ից հետո) Հայաստանի բանկային համակարգում 10%-ի շեմն անցել է չաշխատող ակտիվների մասնաբաժինը, բայց ներկայումս այդ կարևոր ցուցանիշն իջել է մինչև 7%-ի, ընդ որում «Ամերիաբանկ»-ում այն երկու անգամ ավելի ցածր է, քան միջին հաշվով բանկային ողջ համակարգում։