«ՄԵԶԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՉՄԻՏՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐ»
«ԳԱ»-ն ներկայացնում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԻ հետ բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը։
-Վերջերս վարչապետ Փաշինյանը մի տեսակ անվստահ պատասխանեց այն հարցին, թե ով է ֆինանսավորելու «տնտեսական հեղափոխությունը»։ «Կոմերցիոն բանկերը, բայց լավ կլինի մի քանի աղբյուր ունենալ»,-ասաց նա, հաղորդելով, որ Եվրամիությանը ներկայացվել են 13 նախագծեր (դրանցից մի քանիսը՝ մեգա), բայց այնտեղ պահանջում են համաֆինանսավորում Հայաստանի կողմից։ Ուրեմն ո՞վ պիտի իր վրա վերցնի հայտարարված «տնտեսական հեղափոխության» ֆինանսական բեռը։
-Նախ՝ անհրաժեշտ է ձևակերպել, թե ինչ ենք հասկանում «տնտեսական հեղափոխություն» ասելով, ինչը ես պարզապես կանվանեի խորքային բարեփոխումներ։ Չէ՞ որ հայտնի է, որ տնտեսական հեղափոխություններ աշխարհում տեղի են ունեցել նախ XVIII դարավերջին, երբ մարդիկ ձեռքի աշխատանքից անցան մաքենա-հաստոցայինի, այնուհետ հայտնագործվեց ներքին այրման շարժիչը, XX դարակեսին ստեղծվեց արհեստական ինտելեկտը, էլեկտրոնային ուղեղը, իսկ նոր՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն արդեն կապված է թվային տեխնոլոգիաների հետ, այսինքն խոսքը արտադրության միջոցների և տնտեսվարման մտածողության ձևափոխման մասին է։ Մեր դեպքում ավելի տեղին կլինի խոսել արմատական բարեփոխումների մասին։ Եվ դրանք պետք է ֆինանսավորվեն տարբեր աղբյուրներից. պետության, կոմերցիոն բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օտարերկրյա այլ դոնորների, մասնավոր ներդրումների և այլն։
Բերեմ մեր սկսած կենսաթոշակային բարեփոխման օրինակը, որը բոլոր վերապահումներով հանդերձ՝ խորքային էր։ Ճիշտ է, հիմա ես չէի ասի, թե այն շարունակվում է ճիշտ ուղղությամբ, քանի որ դրա գլխավոր նպատակներից մեկը՝ բյուջետային ռեսուրսների վրա ծանրացած կենսաթոշակային բեռի նվազեցումը, հայտնվել է երկրորդ պլանում։ Այսպես, նախատեսվում էր, որ կվերացվի այն իրավիճակը, երբ իր աշխատանքային գործունեության ընթացքում, ենթադրենք, 1 մլն դրամ աշխատավարձ ստացող մարդը «մի գեղեցիկ օր» կարթնանա՝ ստանալով 40 հազար դրամ կենսաթոշակ, ինչը հանգեցնում է հոգեկան խոր ճգնաժամի։ Բայց մյուս կողմից, բոլոր ցուցանիշները, նախևառաջ՝ ժողովրդագրական, վկայում են, որ կենսաթոշակային նախկին համակարգը երկար չի դիմանա աճած ծանրաբեռնմանը։
Խնդրի լուծում դարձավ միայն կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որում պետությունն ի սկզբանե պետք է համաֆինանսավորեր մասնակիցների հատկացումները։ Բայց այդուհանդերձ պետբյուջեն իր ռեսուրսներով աստիճանաբար, 10 տարվա ընթացքում, պետք է դուրս գար խաղից, և իրենք՝ շահառուները կկուտակեին իրենց ծերության թոշակը, մինչդեռ այսօր ստացվում է, որ հենց պետռեսուրսների վրա է ընկած կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնական բեռը։ Մեր սկսած բարեփոխման տակ ընկած էին մանրակրկիտ ակտուարական հաշվարկներ, այն է՝ լրացուցիչ տնտեսական աճ, տոկոսադրույքների նվազում (ի դեպ, սկսված կենսաթոշակային հատկացումների շնորհիվ դրույքները որոշակի չափով նվազեցին) և այլն։ Մի խոսքով, երկարաժամկետ կուտակային վճարները, կենսաթոշակային փողերն իրենց մեջ թաքցնում էին ներդրողական հզոր լիցք, որը նույնպես այսօր շատ տեղին կլիներ բարեփոխումների ֆինանսավորման գործում։
Եվ այստեղ մենք նորից դեմ ենք առնում կադրերի խնդրին, որը մեզ մոտ, մեղմ ասած, կաղում է։ Պետության ղեկավարը չի կարող տիրապետել խոր տնտեսական մասնագիտական գիտելիքների, բայց նրան հարցեր են տալիս, որոնց հասցեատերը պետք է լինեն համապատասխան պրոֆեսիոնալները կառավարությունում. նրանք, ովքեր պիտի մշակեն և վարչապետի սեղանին դնեն տնտեսության տեսլականը, դրա քաղաքականությունը, հետևողականորեն բացատրեն հանրությանը աշխատակազմի նպատակներն ու մտադրությունները և այլն։ Կառավարությունը պետք է նկատի առնի, որ այս երկիրը ոչ միայն իրենցն է, այլև մեր զավակներինը, և երբ առանց որևէ տեսանելի պատճառների աշխատանքից հեռացվում են արդարադատության երկու փոխնախարարները, որոնց ես շատ լավ ճանաչում եմ՝ որպես իրենց գործի պրոֆեսիոնալների, դրանով իսկ պետությանը անդառնալի վնաս է հասցվում։ Ե՛վ Արթուր Հովհաննիսյանը, և՛ Սուրեն Քրմոյանը փաստաբանական գործունեությամբ կարող են վաստակել բազմապատիկ ավելին, և ես անձամբ կօգտվեմ նրանց ծառայություններից, քանի որ նրանք չափազանց պատրաստված, գրագետ մասնագետներ են։ Սրանք պետության համար անչափ վտանգավոր խաղեր են։
-Վարչապետը հրճվանքով խոսում է այն մասին, որ երկիրը կանգնած է հիպոթեք-շինարարական բումի շեմին, բայց նման բան մենք արդեն տեսել ենք։ Արդյոք հերթական վտանգավոր «պղպջակը» չէ՞ փքվում հիմա Հայաստանում։
-Դուք իրավացի եք, 2008-2009 թթ. մենք տեսանք, թե ինչով ավարտվեց այդ բումը։ Եվ լուրջ խնդիրն այն է, որ զարգանում են արտահանման չմիտված ոլորտներ։ Երբ 2016 թվականին մենք նախաձեռնեցինք ֆիզիկական անձանց եկամտահարկի ուղղորդումը հիպոթեքային տոկոսների մարմանը, ապա դա փաստացի նշանակում էր աջակցություն բնակարանաշինության զարգացմանը՝ պետբյուջեի թերստացված միջոցների հաշվին։ Դրա համար էլ 2017-ին մենք որոշակի չափորոշիչներ ներդրեցինք այդ ծրագրի համար, քանի որ դրա տակ պետք է ընկած լինի բացառապես սոցիալական նպատակ, ըստ որում՝ խստիվ սահմանափակ։
Մինչդեռ ներկայումս մենք շարժվում ենք այն ուղղությամբ, երբ այդ նորարարությունը գնալով ավելի է ստանում զուտ տնտեսական աստառ, իսկ դա խնդիր է։ Ընդ որում նորարարությունը ներդնելիս մենք մտցրեցինք սահմանափակումներ. մեկանգամյա մասնակցություն այդ ծրագրին, գումարի վերին լիմիտ։ Բայց այսօր, երբ երևում է, որ այդ գործիքն արդեն տանում է մարդկանց պահվածքի փոփոխության, ինչն արտահայտվում է նրանում, որ արտոնությունից սկսում են օգտվել նույնիսկ բնակարանի կարիք չունեցողները, անհրաժեշտ է շուկայի գերտաքացումից խուսափելու համար շտկել դա խստացման մեթոդով։ Եթե չեմ սխալվում, անցած տարի եկամտահարկի գծով 4,7 մլրդ դրամ է վերադարձվել մարդկանց, նախանցած տարի այդ թիվը երկու անգամ ավելի փոքր էր։ Ուստի պետք է ևս մեկ անգամ վերադառնալ հարցին. ստացվո՞ւմ է արդյոք, որ այսօր 55 մլն դրամ արժողության բնակարանը սոցիալական խնդրի լուծում է։
Կառավարությունը, տեսնելով այս իրողությունները, պետք է կա՛մ հարկային մեխանիզմներով, կա՛մ ծրագրի մասնակիցների համար ավելի կոշտ չափորոշիչներ ներդնելով սառեցնի, խստացնի շուկայի պայմանները, եթե չենք ցանկանում 2008 թվականի ճգնաժամի կրկնություն, երբ մարդիկ փակում էին արտադրությունները, իսկ ազատված փողերով գնում բնակարան, ինչը բազմապատիկ գերազանցում էր արտադրական գործունեությունից նրանց ստացած եկամուտը։ Մանավանդ որ այդպիսով կրկին ֆինանսավորվում է երկարաժամկետ սպառումը. չէ՞ որ բնակարանային շինարարությունը չի մասնակցում ապագա տնտեսական աճի ապահովմանը, այսինքն բնակարանը պետք է դիտարկել որպես երկարաժամկետ սպառման ապրանք. կառուցեցին, և այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Այսպիսով, հարկատուների միջոցները կառավարությունը սոցիալական ուղիներով ուղղորդում է արտահանման չմիտված բնագավառի զարգացմանը, որի կայունությունը մեզ պարզ դարձավ 10 տարի առաջ։ Եվ ընդ որում խոսվում է բացառիկ զարգացման մասին, որի կենտրոնական տարրն, ըստ էության, պետք է լինի սոցիալական և տնտեսական քաղաքականության գրագետ համադրումը։
-Ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը, որը մշակվում էր դեռևս ձեր օրոք, բայց էական փոփոխություններ է կրել։
-Հարկային օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունն առաջացավ դեռևս Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք։ Առհասարակ մինչև բարեփոխում անցկացնելն անհրաժեշտ է, այսպես ասած, տնային աշխատանք կատարել. չէ՞ որ հարկային դաշտի փոփոխությունը նշանակում է եկամուտների վերաբաշխում, պետության և հարկատուների տարբեր խմբերի շահերի երկարաժամկետ հավասարակշռման անհրաժեշտություն։ Առաջին բանը, որ այն ժամանակ արեց մեր թիմը, տնտեսության ախտորոշում անցկացնելն էր, որի եզրահանգումներին համամիտ էին ՀԲ-ը և ԱՀՄ-ը։ Եվ այդ ախտորոշման գլխավոր եզրահանգումը վկայում էր այն մասին, որ տնտեսական գործիքների առկա հավաքածուն լիակատար չափով չի նպաստում արտահանման մասնահատվածի զարգացման նպատակին. նպատակ, որ ազդարարում է նաև ներկայիս աշխատակազմը։
Մասնավորապես, արտահանման չմիտված մասնահատվածում շահութաբերությունը 20-25%-ով ավելի բարձր է, քան արտահանման միտված հատվածում։ Դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով. վերջին 10 տարիներին բացվել են 4 խոշոր առևտրական մոլեր և ընդամենը մեկ ձեռնարկություն, որը զբաղվում է արտահանմամբ։ Դա նշանակում էր, որ մենք գործիքների որոշակի հավաքածուի օգնությամբ պետք է վերակառուցենք շահութաբերությունը տարբեր ոլորտներում, այսինքն առկա ռեսուրսները առևտրի և ծառայությունների ոլորտից պետք է հոսեն արդյունաբերական արտահանման բնագավառ, և այդ ոլորտների կրած արդյունավետ հարկային բեռը պետք է տարբեր լինի։ Այլ կերպ ասած, մենք պիտի բարձր հարկման ենթարկեինք սպառումը (անուղղակի հարկեր) և իջեցնեինք հարկերը արտադրության գործոնների համար (եկամտահարկ և շահութահարկ)։ Ինչն էլ անում է ներկայիս կառավարությունը, այսինքն շարունակում է տնտեսական հայեցակարգում նախկին աշխատակազմի գծած ուղղությունները։
Բայց դա պետք է անել գրագիտորեն, մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքի վրա նորարարությունների երկարաժամկետ ազդեցության տեսլականով. մասնավորապես, պետք է բարձրացնել սպառողական այն հարկերը, որոնք թույլ կտան անուղղակիորեն, այսպես ասած, մտնել բնակչության այն խմբի գրպանը, որն ունի բարձր եկամուտներ, այլ ոչ թե սոցիալական խնդիրներ ստեղծել լայն զանգվածների համար։ Օրինակ, ալկոհոլի ակցիզների բարձրացումը ճիշտ է, ելնելով նրանից, որ, օրինակ՝ 50 հազար դրամ արժողությամբ օղի խմողը, համապատասխանաբար, պատկանում է ունևոր խավին, և նա լրացուցիչ բեռի ավելի մեծ բաժին կկրի այն սպառողների համեմատ, որոնք գնում են 5հազար դրամ արժեցող օղի։ Այսպիսով, բնակչության ունևոր խավերը պարտավոր կլինեն փոխհատուցել պետբյուջեի այն ճեղքերը, որոնք անխուսափելիորեն առաջանում են անմիջական հարկերի՝ եկամտահարկի և շահութահարկի իջեցման դեպքում։
Խնդիրն այն է, որ եթե պետբյուջեի կորուստների փոխհատուցումն անբավարար լինի, իսկ տնտեսական աճից ստացած մուտքերն ազդեն 4-5 տարի հապաղումով, ապա միայն վարչարարությամբ կամ ստվերի դեմ պայքարով պետբյուջեի ճեղքերը չես փակի։ Ընդ որում պետք է նկատի առնել, որ պետբյուջեի ընթացիկ ծախսերը կրճատելը չափազանց դժվար է, գործնականում անհնար։ 2019 թվականին ծրագրվում է դրանց աճ 90 մլրդ դրամով. քիչ ավելի, քան կապիտալ ծախսերի ծրագրված աճը։ Մի խոսքով, երբ քո եկամուտները նվազում են, առաջին հերթին տուժում են հենց կապիտալ բնույթի ծախսերը, իսկ դա նշանակում է տնտեսական աճի դանդաղում։
Ուզում եմ ասել, որ նոր կառավարությունը, պահպանելով Հարկային օրենսգրքի հիմնական գաղափարախոսությունը, բաց է թողնում որոշ կարևոր նրբերանգներ։ Այսպես, եկամտահարկի կառուցվածքը պետք է փոխվի եկամուտների և ունեցվածքի զանգվածային հայտարարագրման ինստիտուտի ներդրումով, ինչի մասին տարբեր մակարդակներով խոսվում է, բայց առայժմ, ըստ էության, չափազանց քիչ բան է արվում այդ ուղղությամբ։ Օրինակ, այսօր իրենց պասիվ եկամուտները (օրինակ՝ վարձակալության տրված բնակարանից) հայտարարագրում են միայն նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են պարտադիր հայտարարագրման ինստիտուտի հետ (բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք), այսինքն նրանք անձնական պատասխանատվություն են կրում եկամուտների պատշաճ հայտարարագրման համար։ Մյուսները ցույց չեն տալիս այդ և այլ եկամուտները (օրինակ՝ համերգային գործունեությունից), քանի որ աշխատավարձ կամ եկամուտ ստանալով իրավաբանական անձանցից՝ հարկերի համար ոչ մի անձնական պատասխանատվություն չեն կրում, իսկ նրանց փոխարեն որպես հարկային գործակալ դա անում է աշխատատուն։ Այսպիսով, կառավարությունն արդեն այսօր պետք է մտածի, թե ինչպես փուլ առ փուլ ներդնի եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը, ինչպես դա արվում է ողջ աշխարհում, որոշակի ազդանշաններ տա հասարակությանը, բացատրական աշխատանք վարի։
Եվ էլի մի բան։ Ճիշտ կլիներ 23% կազմող եկամտահարկի հարթ սանդղակի և դրա մեջ առաջադիմության տարրի բացակայության պայմաններում կա՛մ նախատեսել չհարկվող շեմ, կա՛մ զուգահեռաբար ներդնել պրոգրեսիվ գույքահարկ։ Չէ՞ որ եթե դու արդարացի չես վերաբաշխում եկամուտները (երբ հարուստներն ավելի շատ են վճարում, քան աղքատները) եկամտահարկի ճանապարհով, ապա դա պետք է արվի գույքահարկի միջոցով։ Այն ամենը, ինչ ես ասացի, պետք է անել համակարգված, համակողմանի և, ցանկալի է, յուրաժամանակ, այն իմաստով, որ լինի գործողությունների հեռատեսություն, այլ ոչ թե այնպես, որ մի բանն արվի հիմա, իսկ մյուսը՝ հետաձգվի։