«ԱՐՔՈՒՆԻ» ԿԱԴՐԵՐ
Ըստ երևույթին, մեր կառավարությունը ապաշնորհների հանքավայր է գտել և հաջողությամբ մշակում է դա։ Քչերն են, որ վերջին տարվա ընթացքում քար չեն նետել իշխանությունների կադրային քաղաքականության «բոստանը», և յուրաքանչյուրը յուրովի իրավացի է…
Նույնիսկ տնտեսագիտական կրթություն չունեցող բազմաթիվ սովորական մարդկանց պարզ է, որ ինչ-որ բանի աճը, ենթադրենք՝ 105%-ով, դա ընդամենը աճ է 5%-ով, այլ բնավ ոչ առավել քան կրկնակի ավելացում համեմատության հիմքի նկատմամբ։ Իսկ այ փոխվարչապետի աստիճան ունեցող բարձր պաշտոնատար անձին, ինչպես պարզվում է, դա հայտնի չէ, ինչն էլ Տիգրան Ավինյանը մի տեսակ պերճախոս ցուցադրեց հեռուստաալիքներից մեկի եթերում՝ նախընտրական բանավեճի ընթացքում։ Ընդգծենք, որ այդուհանդերձ նա է ղեկավարում «արքունիքում» կադրային հարցերը գործադիր իշխանության կարևորագույն՝ տնտեսական մասնահատվածում։
Պետք է ասել, որ նույն այդ մասնահատվածում է հայտնվել, օրինակ, Տիգրան Խաչատրյանը, որին գիտակ մարդիկ բնորոշում են որպես լուրջ պրոֆեսիոնալ և պարզապես կարգին մարդ։ Բայց միայն նա քիչ է. տնտեսական քաղաքականությունը պահանջում է թիմային աշխատանք, ուստիև այդ մասնահատվածում պետք է լինի համախոհների թիմ։ Մանավանդ որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն իր բնավորությամբ ամենևին էլ մարտիկ չէ և բանավեճերի դեպքում, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնա իր դիրքորոշումը սկզբունքորեն ու մինչև վերջ պաշտպանելուց։
Մի առիթով արդեն վիճակվել է նշել, որ պետական կառավարման համակարգում (անպարկեշտ բառապաշարից խուսափելու համար առհասարակ զերծ կմնանք խորհրդարանի մասին դատելուց) ծայրաստիճան քիչ են պրակտիկայով ամրապնդված ժամանակակից գիտելիքներով զինված փորձառու պրոֆեսիոնալները։ Մինչդեռ կառավարությունում պետք է լինեն օրինակելի կերպարներ, բարեփոխիչներ, որոնք կարող են անձնական օրինակով տանել մարդկանց իրենց հետևից և որոնց պետք է ձգտի հավասարվել բնակչությունը։ Այլապես ժողովուրդը չի փոխվի, որքան էլ նրան կոչ անեն դա անել։
Ինչպե՞ս կարող են կես էջ կենսագրություն ունեցող մարդիկ ընդունել երկրի համար կենսական կարևորության, պատասխանատու որոշումներ, հաշվարկել շատ հեռուն գնացող դրանց բոլոր հետևանքները, ունենալ երկրի զարգացման երկարաժամկետ տեսլական։ Վերջերս խորհրդարանի պատգամավորներից մեկը, որն իր կարճլիկ կյանքում չի ստեղծել ոչ մի աշխատատեղ, հեշտությամբ արտահայտվեց Հայաստանի ցեմենտի արտադրության ոլորտում 400 աշխատատեղերի փակման օգտին, նեղճակատ դատողություններ անելով ազգային արտադրությունը… Իրանից ներկրվող ավելի էժան արտադրանքով փոխարինելու շահավետության մասին։ Այսինքն 400 ընտանիքների ճակատագիրն այդպիսի պատգամավորներին ու չինովնիկներին, ինչ է, բոլորովին չի՞ հուզում։ Դե ահա, չդիմացա և այնուամենայնիվ խորհրդարանականների վրայով էլ անցա։
Կառավարությունում, ճիշտ է, իրենց տեղն են գտել նաև լավ կրթությամբ և կես էջից շատ ավելի տպավորիչ աշխատանքային ստաժով մարդիկ։ Օրինակ, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը դիվանագիտական ծառայության պատկառելի ստաժ ունի։ Եվ չնայած նա դիսերտացիա է պաշտպանել ազգային շահի հայեցակարգի թեմայով, այդուհանդերձ չի կարելի ասել, թե անձնական շահը, դատելով կենսագրությունից, առանձնապես խորթ է նրան։ Համենայն դեպս սեփականության վերաբաշխման և ուրիշի բիզնեսը զավթելու նկատմամբ խորհրդականը կարծես թե որոշակի հակում ունի։ Բացի այդ, նաև ԱՄՆ-ի քաղաքացի է և, համապատասխանաբար, ներկայիս պաշտոնում նրա մոտ հաճախ կարող է առաջանալ շահերի բախում։ Ի դեպ, ԶԼՄ-ներում արդեն գրել են այն մասին, որ ԱՄՆ-ում նա դատական կարգով հետապնդվում է պարտքերը չվճարելու համար։ Իսկ թե որքանով է համոզիչ նրա պատասխանն այն մեղադրանքներին, որ իր ձեռքերը մաքուր չեն, դատեք ինքներդ. «Վեճերից երկուսը, որոնք առնչվում են վարկային կազմակերպություններին, արդեն իսկ լուծված են: Ինչ վերաբերում է երրորդին, այն կրում է մասնավոր բնույթ և անհիմն է»։
Պրն. Գասպարյանը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ կերպ են կարգավորվել դատական հայցերը, այսինքն կարելի է ենթադրել, որ նրան, օրինակ, պարտավորեցրել են վճարել պարտքերը դատարանի որոշմամբ։ Իսկ դատական վարույթի մեջ գտնվող երրորդ հայցի վերաբերյալ հենց ինքն էլ գնահատական է տալիս. «անհիմն»։ Գուցե այնուամենայնիվ ավելի լավ կլինի սպասել օբյեկտիվ դատավճռի՞…
Հարուստ կենսագրություն ունի նաև Վարդան Տողանյանը, որը «թավշե հեղափոխությունից» հետո ինչ-որ հրաշքով պահպանեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանի իր պաշտոնը։ Եվ դա այն դեպքում, երբ տարբեր երկրներում իրենց լավ դրսևորած մեր որոշ դեսպաններ անհասկանալի պատճառներով հեռացվում են։ Պարոն Տողանյանը «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքի (2008թ.) համահեղինակն է և լուրջ գործարար։ Իր գործունեության ընթացքում գլխավորել է բազմաթիվ առևտրային կազմակերպություններ. Բորիսոգլեբսկի օսլայի գործարանի տնօրենների խորհրդի նախագահից մինչև «Թղթի ԳՀԻ»-ի տնօրենների խորհրդի անդամ։
Թե որքանով են նրա բիզնես-նախասիրությունները հարաբերակցվում դեսպանի պաշտոնի հետ, իհարկե, հետաքրքիր հարց է։ Մանավանդ որ Մոսկվայի հայկական շրջանակներում կայուն կարծիք է տարածված, որ դեսպան Տողանյանը ավելի շատ մասնագիտանում է հայկական ծագումով ռուսաստանյան օլիգարխներից ինչ-որ բան պոկելու վրա, բառացիորեն նայում նրանց բերանին, քան զբաղվում Հայաստանի ազգային շահերի պաշտպանությամբ։ Ընդ որում ակներև է, որ օլիգարխների շահերը գրեթե երբեք չեն համընկնում պետական շահի հետ։ Ահա և ստիպված է Վարդան Տողանյանը մշտապես գտնվել անձի երկատման ստրեսային վիճակում։
Բոլոր այս ճարպիկ տղերքը, որոնք դեմ չեն կրակ փորփրել ուրիշի ձեռքերով, իսկ առիթի դեպքում՝ նաև խլել ուրիշի բիզնեսը, վայելում են Նիկոլ Փաշինյանի առանձնակի վստահությունը, և այսօր նրանց համար բացարձակապես դժվար չէ իրենց ձեռնտու լույսի ներքո ներկայացնել նրան այս կամ այն հարցերը, որոնց էլ վարչապետը, առանց մանրամասների մեջ խորանալու, տեղնուտեղը հավանություն է տալիս։