ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հենց այն գործն է, որի վերաբերյալ անհրաժեշտ է այնպիսի բարձր կարծիք, ինչպիսին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու գործիքը նոր է մեր իրավական համակարգում, և կարծում եմ, որ սա հենց այն գործն է, որի համար անհրաժեշտ է նման բարձր կարծիք», - նշեց փաստաբանը։
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ից և ՎՀ-ից այս գործի վերաբերյալ լինելու է ընդամենը խորհրդատվական կարծիք, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։
Հարցին՝ արդյոք ՄԻԵԴ և ՎՀ դիմելը կարո՞ղ է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործով քննությունը ընդհանուր իրավասության դատարանում, փաստաբանը պատասխանեց, որ այդ գործընթացը հիմք չէ գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կասեցնելու համար։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, գործի քննությունը վերսկսված է, և այն պետք է վերսկսվի ընդհանուր իրավասության դատարանում։ Միակ ձգձգող հանգամանքը պարոն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հնարավորություն լինի շարունակել», - ասաց փաստաբանը, տեղեկացնում է Aysor.am-ը։