ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով
Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում անվտանգության համակարգի, պետության անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը։
Նախկին պաշտոնյան ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է համարում այսօրվա իշխանությանը։ Վանեցյանը, որն այս իշխանության ամենաառանցքային դեմքերից էր, միգուցե ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաներից մեկը, իր հայտարարությամբ ասում է այն, ինչը ՀՀԿ–ն ասում է մեկուկես տարի։
«Մենք Փաշինյանին կոչ ենք արել կանգ առնել, սթափվել, պետական մտածողություն դրսևորել և բոլոր հարցերում նկատի ունենալ ազգային ու պետական անվտանգության շահը», – ասաց Շարմազանովը։
Նրա կարծիքով` եթե ԱԱԾ տնօրենը նման հրապարակային կոչ է հնչեցնում, ուրեմն մեր պետության նավը` Փաշինյանի գլխավորությամբ, գնում է դեպի նոր արհավիրքներ։
Շարմազանովը կարծում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր քաղաքական ախոյաններին ձերբակալության տեսքով չեզոքացնելն է։
«Չեմ զարմանա, եթե վաղը նրա իշխանությունը նման կարծիք արտահայտելու համար ինձ մեղադրանք առաջադրի, և դա Փաշինյանի իշխանության կողմից մեկնաբանվի որպես հակապետական քարոզ», – նշեց Շարմազանովը։