ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑԱԾՆԵՐԸ

Երբ Արսեն Թորոսյանը գնաց արձակուրդ, շատերը վրդովվեցին. այդ ինչպե՞ս, համաճարակը շարունակվում է, ամեն օր մահեր են արձանագրվում, իսկ նախարարը գնում է արձակուրդ... Օրինակ էին բերում Հունաստանը, որտեղ մահվան դեպքերի թիվը հինգ անգամ ավելի փոքր է, քան մեզ մոտ, բնակչությունը՝ մոտավորապես նույնքան շատ, սակայն նրանց նախարարն արձակուրդի մասին չի էլ մտածում, ամեն օր այցելում է հիվանդանոցներ։

Կարծում ենք, Թորոսյանի արձակուրդը պետք է ողջունել՝ որպես ազնիվ քայլ, որպես այն իրողության արձանագրում, որ Թորոսյանը ոչ մի դեր չի խաղացել, երբ համաճարակը սկսվում էր ու ծավալվում։ Համաճարակն ինքն իր համար էր, Թորոսյանը՝ իր։ Վերջինս դեր չի խաղում նաև ներկայումս, երբ համաճարակը մարում է ինքնաբերաբար, առանց այդ գործընթացին առողջապահության նախարարի մասնակցության, ուստի հանգիստ կարելի է գնալ արձակուրդ։ Իհարկե, իրենց գործը բարեխղճորեն կատարող բժիշկներին ասվածը չի վերաբերում։

Իսկ բացի այդ, արձակուրդ է գնացել նաև նախագահը։ Այստեղ նույնպես ամեն ինչ հասկանալի է. մեր նախագահը ձեռքերը լվանալու մեծ վարպետ է։ Հիշո՞ւմ եք, թե ինչ հիանալի նա արեց դա, երբ Փաշինյանը հմտորեն ճգնաժամ առաջացրեց Սահմանադրական դատարանում. այն սակավաթիվ ինստիտուտներից մեկում, որը նորմալ կատարում էր իր գործառույթները «հետհեղափոխական» ժամանակներում։ Հասկանալով վարչապետի ձեռնարկած գործընթացի անհեթեթությունը՝ նախագահը մի կողմ քաշվեց, և ավելին. ստորագրեց հակասահմանադրական օրենք, որը սահմանափակում է իր նախագահական լիազորությունները՝ փոխանցելով դրանք խորհրդարանի նախագահին։ Փոխարենը՝ պատասխանատու չէ ՍԴ-ի հետ կապված աթուրմայի համար...

Հիմա էլ Արմեն Սարգսյանը որոշեց արձակուրդ գնալ տքնաջան աշխատանքից հետո՝ դարձյալ ձեռքերը լվանալու համար։ Այլ առիթով։ Որպես նախագահ նա պետք է պարգևներ շնորհեր Տավուշի միջադեպի ժամանակ աչքի ընկած զինծառայողներին։ Սակայն մեր վարչապետը որոշել էր պետական բարձր պարգևներ շնորհել ավելի քան յոթ տասնյակ զինծառայողների։ Նախագահը հասկանում էր, որ այդպիսով այդ պարգևներն արժեզրկվում են, քանի որ նման քանակի պարգևատրվածներ չեն եղել ո՛չ հաղթական Արցախյան ազատամարտի ընթացքում, ո՛չ էլ 2016թ.ապրիլի հերոսական օրերից հետո։

Նախագահը հասկանում էր, որ վարչապետն այդպիսով պարգևատրում է ինքն իրեն՝ չափազանցելով տավուշյան սրացման նշանակությունը, որն անհամեմատելի է թե՛ 90-ականների սկզբի պատերազմի, թե՛ 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների հետ։ Բայց մեր վարչապետի համար տավուշյան սրացումը նույնն է, ինչ Մալայա Զեմլյան՝ Բրեժնևի։ Խորհրդային ժամանակներում հասակ առած մարդիկ կհիշեն այդ պատմությունը, թե ինչպես էին լճացման տարիներին գովերգվում Մալայա Զեմլյայում տեղի ունեցած մարտերը, քանի որ այնտեղ կոմիսար էր եղել երիտասարդ Լեոնիդ Իլյիչը: Գովերգվում էին այնպես, որ մթագնում էին Հայրենական մեծ պատերազմի իսկապես փառապանծ ճակատամարտերը։ Իսկ ժողովրդի մեջ անեկդոտ էր շրջում. «Որտե՞ղ էիք դուք պատերազմի տարիներին։ Աշխարհի ճակատագիրն էիք վճռում Մալայա Զեմլյայում, թե՞ ծվարել էիք Ստալինգրադի խրամատներում»։

Այդպես էլ մեր վարչապետը։ Ամենևին չթերագնահատելով պարտքի բարեխիղճ կատարումը մեր զինվորների ու սպաների կողմից, նշենք, որ Փաշինյանը որոշել է այնպիսի՜ փառքով պսակել Տավուշի Մալայա Զեմլյալի դիրքային մարտերի մասնակիցներին, որ երազում անգամ չեն տեսել Շուշիի, Լաչինի, Խոջալուի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի ազատարարները, Շահումյանի և Մարտակերտի, Օմարի լեռնանցքի համար մղված մարտերի մասնակիցները...

Եվ ահա վարչապետը որոշեց շոու կազմակերպել՝ զանգվածային պարգևատրումով։ Նախագահն այդ բեմադրությանը մասնակցել չցանկացավ, իսկ Նիկոլը՝ հակառակը. ցանկանում էր անձամբ հանձնել պարգևները։ Ահա և նախագահն ազնվորեն գնաց արձակուրդ, որպեսզի չխանգարի վարչապետին վայելել իր հաղթանակը։ Մանավանդ որ երկիրն ամենևին չի նկատի նախագահի բացակայությունը, ինչպես որ մինչ այդ առանձնապես չէր նկատում նրա ներկայությունը։

Իսկ հետո արձակուրդ գնաց նաև վարչապետը։ Ոմանք կարծում են, որ առիթ է դարձել Պուտինի հերթական շնորհավորանքը Քոչարյանին՝ հեռագրի և հեռախոսազրույցի տեսքով։ Փաշինյանը նման բաներին ցավագին է արձագանքում, մանավանդ որ անձամբ իրեն Պուտինը հեռախոսազանգերով երես չի տալիս

Բայց դա առիթն է։ Իսկ պատճառը սկսվող աշունն է՝ արտակարգ դրության ձգձգված ռեժիմի ավարտով։ Փաշինյանն առավել քան մեկ այլ ոք հասկանում է, թե որքան դժվար է լինելու բոլոր ուղղություններով. քաղաքական գործընթացներ, տնտեսական ու սոցիալական ճգնաժամեր։ Հասկանում է, որ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց իր թիմի ճնշող մեծամասնության ապիկարությունը և հիրավի գործի օգտակարության համար նրանցից շատերից պետք է ազատվել: Բայց, մյուս կողմից, դա կլինի հենց իր՝ Փաշինյանի ձախողման արձանագրումը։ Եզրակացությո՞ւնը։ Հարկավոր են նոր շոուներ, և այստեղ վարչապետը մտածելու բան ունի։

Основная тема:
Теги: