ԱՊՐԻԼ-2016. ՀԵՏ ԿԿԱՆՉԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ 8 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐԸ
Արցախի դեմ Ադրբեջանի 4-օրյա ագրեսիայի՝ պատմության մեջ Ապրիլյան անունով մտած պատերազմի մեկնարկի 8-րդ տարելիցը նշանավորվեց միայն ընդդիմադիր գործիչների հայտարարություններով ու սոցցանցային գրառումներով: Մի բառ անգամ չասվեց իշխող կուսակցության, այդ թվում՝ դրա բարձրագույն էշելոնի ներկայացուցիչների կողմից։ Չենք խոսում արդեն Եռաբլուր այցելելու և Հայրենիքի պաշտպանությամբ հավերժական փառքի արժանացած հայ զինվորների շիրիմներին ծաղկեպսակներ դնելու մասին։ Այն հերոսների, որոնց անունները, փառքն ու նրանց նկատմամբ անսահման երախտագիտությունն այդ շրջանում բառացիորեն թնդում էին ողջ Հայաստանում և Արցախում։