Последние новости

Գործարկվել է ԵՄ-ում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը

Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը:

Կայքը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակը: Նրանում ներառված են 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան հայկական գինի, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում:

«Կայքը, բացի վաճառքի քառալեզու հարթակ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի և գինու մարզերի վերաբերյալ: Նորություններ բաժնի օգնությամբ հնարավորություն կունենանք ԵՄ սպառողներին մշտապես տեղյակ պահել Հայաստանի գինու ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և ձեռքբերումներին» ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան:

«GIZ-ը՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի միջոցով, արդեն շուրջ 10 տարի է աջակցում է Հայաստանի գինեգործության ոլորտին: Անչափ ուրախ ենք՝ ազդարարելու եվս մեկ կարևոր և հաջողված նախագծի՝ winesofarmenia.store առցանց հարթակի գործարկման մասին: Այժմ արդեն որակյալ գինի արտադրող հայկական ընկերությունները՝ անկախ արտադրության ծավալներից, կկարողանան ուղիղ վաճառքներ իրականացնել Եվրոպայում՝ ավելի մատչելի և մրցունակ գներով» «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին:

www.winesofarmenia.store առցանց խանութի գործարկմանը համընթաց վերջերս Գերմանիայի Բեռլին քաղաքում բացվեց հայկական գինիների միասնական պահեստ- լոգիստիկ կենտրոնը: Այստեղից հայկական գինիները Եվրոպայի սպառողներին կհասնեն առանց խոչընդոտների, հաշված օրերի ընթացքում և հնարավորինս մատչելի արժեքով: Միևնույն ժամանակ պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներին և համտեսներին:

Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաև սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և կատարելու պատվերներ, տեղեկացնում է Lragir.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ