Последние новости

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է ՌԴ-ին «օգնելու» պատճառով

Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնել է այդ երկրում տիրող ներքին իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանին «օգնություն ցուցաբերելու» համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Պատժամիջոցները նախատեսում են Եվրամիության երկրներ մեկնելու արգելք և եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում:

«ԵՄ խորհուրդը 20 ֆիզիկական անձ և մեկ կազմակերպություն է ավելացրել մարդու իրավունքների գործող պատժամիջոցների ցանկում։ Դա կապված է Մահսա Ամինիի մահից հետո Իրանում կազմակերպված ցույցերին ի պատասխան կիրառված բռնության հետ», - նշվում է փաստաթղթում։

Ցուցակում են հայտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ուժայիններ։

Բացի այդ, խորհուրդն այսօր պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է Իրանի ևս չորս ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խախտման կապակցությամբ»: ԵՄ-ում պնդում են, որ նշված անձինք և ընկերությունները իբր զբաղվել են իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարմամբ, որոնք այնուհետև կիրառվել են Ուկրաինայի դեմ։

Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Կրեմլում նաև նշել են, որ իրանական սպառազինության մասին տվյալներ չունեն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օգտագործվում է ռուսական տեխնիկա` ռուսական անվանումներով:

ԵՄ-ն ավելի վաղ արդեն պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ի պատասխան այս քայլի` Իրանն ընդլայնել է Եվրամիության դեմ իր պատժամիջոցները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ