ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ԾՆՎԵԼՈՒՆ ՊԵՍ

Կառավարությունը վերջապես նշմարեց այն ճեղքը, որով արտասորում են պետբյուջեի միջոցները

Փաշինյանի կառավարման 6 տարիները ցույց տվեցին պետական աջակցության հստակ և արդյունավետ ծրագրեր մշակելու կառավարության անկարողությունը. դրանք որոշ ժամանակ անց ցուցաբերում են զրոյական կամ չնչին արդյունք և կարիք ունեն լուրջ լրամշակման կամ նույնիսկ չեղարկման։ Սակայն այդ պահի դրությամբ «փորձ ու փորձանքի» ճանապարհով դեգերող կառավարությունն արդեն հասցրած է լինում քամուն տալ պետբյուջեի ահռելի միջոցներ…

Ապրիլի 22-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ, որոնց էությունը, ինչպես հանձնաժողովի նիստում պարզաբանեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթացի մեխանիզմի ներդրումն է: Ըստ երևույթին, անարդյունավետ պետական ծրագրերի վրա հարկատուների միջոցների հսկայական և անմտածված վատնումը դադարել է վերջապես «գաղտնիք» լինել գործադիր իշխանության համար, որն ամեն քայլափոխի կոչ է անում քաղաքացիներին վճարել հարկերը, բայց մատների արանքով է նայում դրանց աննպատակ ու անօգուտ օգտագործման սեփական գործողություններին։

Այն, որ կառավարությունը, թեկուզև ակնհայտորեն ուշացած, ամբողջ 6 տարի անց վերջապես մտահոգվեց իր ծրագրերի որակով ու կատարումով, իհարկե ողջունելի է, սակայն համակարգային և հետևողական աշխատանք այս ուղղությամբ առաջվա պես չի նկատվում: Այսպես, ֆինանսների նույն փոխնախարարը խոստովանեց, որ 2022 թվականի ապրիլի 28-ին կառավարության կողմից հաստատվել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատման գործընթացի ներդրման հայեցակարգը, սակայն դա «օդում կախված» է մնացել այն լիազորությունների կարգի բացակայության պատճառով, որոնցով կառավարությանը կտրվեր նման իրավունք։ Նկատեք, գործադիրը միայն երկու տարի անց է գլխի ընկել, որ ընդունել է հայեցակարգ, որն անհնար է իրականացնել դրա... թերմշակվածության պատճառով։ Այսինքն բավական չէ, որ կառավարության մշակած ծրագրերի գերակշիռ մասը տառապում է անմտածվածությամբ, դեռ մի բան էլ դրանց արդյունավետության գնահատման միջոցառումների համակարգն է հեռու կատարյալ լինելուց։

Մինչդեռ երկրում արդեն մեկնարկել են գարնանային դաշտային գյուղատնտեսական աշխատանքները, որոնց համար կառավարությունն անցած տարիների ընթացքում ահռելի միջոցներ է հատկացրել, բայց «սայլը տեղից չի շարժվել», այսինքն ոլորտը մինուսի մեջ է։ Իսպառ ձախողված է ագրոապահովագրության մեռելածին ծրագիրը, որի պատճառով դրա իրականացմանը մասնակցող ապահովագրական ընկերությունները նախորդ տարվա արդյունքներով լուրջ վնասներ կրեցին և ստիպված եղան հրաժարվել դրանից։ Այժմ կառավարությունը հարկադրված է լրացուցիչ միջոցներ հանել պետական խնայատուփից՝ ապահովագրողների հետ ռիսկերը կիսելու և ծրագրին վերադառնալ նրանց խրախուսելու նպատակով։ Սակայն գարնանացանն արդեն սկսվել է, այնպես որ ֆերմերներից շատերն արդեն չեն հասցնի օգտվել այդ ծրագրից։

Գյուղացիներին հողամշակման խրախուսելու նոր մեխանիզմներով և սուբսիդիաներով վերջերս համալրվեց նաև բուսաբուծության զարգացման պետական աջակցության գործիքակազմը։ Մինչ այժմ գյուղի աշխատավորներին մշակվող հողերի տարածքն ավելացնելու մղող  կառավարության բոլոր ծրագրերը, հիմնավորապես ձախողվել են, իսկ մշակվող վարելահողերի տարածքը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է: Այսօր Հայաստանում մշակվում է գյուղատնտեսական հողերի կեսից էլ պակասը, և կառավարությունը հույս ունի պետական աջակցության նոր գործիքակազմի հաշվին ավելացնել մշակվող հողատարածքների մակերեսը լքված հողերի խորապատկերին առանձնապես աննշմար 12-14 հազար հեկտարով:

Փաշինյանի կառավարության ծանրումեծ դանդաղկոտությունը ստիպում է կասկածի տակ առնել այն, թե հիմա արդեն վերջապես նոր պետական ծրագրերի արդյունավետության գնահատման ուղղությամբ ֆինանսների նախարարության վերլուծական (բայց ոչ վերահսկողական) աշխատանքը կտա վաղուց սպասված պտուղները։ Մանավանդ որ մշտադիտարկման անցկացման կարգը կառավարությունը հաստատելու է 3-ամսյա ժամկետում, այն էլ միայն այն բանից հետո, երբ փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից։