Последние новости

Կաթողիկոսները զրուցել են հեռախոսով. Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսով զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար զորակցություն հայտնել վեհափառ հայրապետին և ընդհանրապես Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Տեղեկությունը հրապարակվել է Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը:

Նրանք միաժամանակ ընդգծել են մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությանը, հատկապես ներկա տագնապալի օրերին։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Առաջին իսկ օրից բնակիչների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանին և բնակիչների պայքարին իրենց աջակցությունն են հայտնել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը և տարբեր հոգևորականներ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ