Թուրքիան ուզում է սիրիացի վարձկաններ տեղակայել Արցախի այն տարածքներում, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ
Թուրքիան ուզում է սիրիացի վարձկաններ տեղակայել Արցախի այն տարածքներում, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անցել են Բաքվի վերահսկողության տակ: Facebook-ում «Human Rights Organisation -Afrin -Syria» էջում հաղորդվում է Արցախում սիրիացի վարձկանների և նրանց ընտանիքների վերաբնակեցման մասին:
«Մարդու իրավունքների սիրիական դիտարանը պարզել է, որ թուրքական հետախուզությունը առաջարկել է «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» խմբավորումների ղեկավարներին, որոնք հավատարիմ են Թուրքիային, բնակություն հաստատել« Ադրբեջանում»:
Դիտարանի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ թուրքական առաջարկը ներկայացվել է թուրքմեն զինյալներին, քանի որ Թուրքիան պնդում է, թե իրենց արմատները գնում են «Կովկասի» այդ տարածքներ:
Հյուսիսային Սիրիայի քաղաքներում Թուրքիայի կողմից Աֆրինում հավաքագրված և Ադրբեջան ուղարկված սիրիացի գրոհայինների թիվը հասել է 4000-ի: Դրանք վերահսկվում են թուրքական բանակի և թուրքամետ աշխարհազորայինների կողմից՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի տարածքում հատուկ ճամբարներում հավաքվում և մարզվում են», -ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: