Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ինքնաթիռը՝ COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներով

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը՝ բերելով ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռքբերված COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը։

Նշվում է, որ այս անգամ պարագաների խմբաքանակը պարունակում էր ընդհանուր 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ մի շարք առողջապահական և հումանիտար պիտույքներ, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, բուժական սնունդ, անզգայացման համար նախատեսված սարքեր, անվասայլակներ, բժշկական ձեռնափայտեր, օրթոպեդիկ սարքավորումներ, հագուստ, կոշիկներ, քնապարկեր, սնունդ և հիգիենայի միջոցներ և այլն:

Անհատական պաշտպանիչ միջոցները և բժշկական պարագաներն անմիջապես փոխանցվել են Առողջապահության նախարարությանը, հագուստը, կոշիկները, ծածկոցները և հիգիենայի միջոցները՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Իսկ 16,000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում` ամբողջ երկրում առավել խոցելի բնակչությանը տրամադրելու համար:

Առաջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել հոկտեմբերի 29-ին՝ բերելով COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը, տեղեկացնում է Panorama.am: