ԳՇ․ Օնիկ Գասպարյանի մասին տեղեկությունը կեղծիք է և մանիպուլյացիա
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնում է, որ մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլյացիա։
«Խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին»,– Facebook–ի էջում գրել է նա։
Ասատրյանը նաև հայտնում է, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։