Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՅԴՊԻՍԻ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԻՆՔՆ Է ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի օրակարգն է, որ ցեղասպանության տարելիցից առաջ ստեղծեն իմիտացիա, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկխոսություն, որը Բայդենի վարչակազմին կստիպի հրաժարվել ցեղասպանություն ճանաչելուց։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

 

«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն այդ պրոցեսի մեջ մտել են, երեկվա հայատարարությունն էլ ուներ մեկ նպատակ՝ ապահովել այդ օրակարգը։ Եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը չի տեսնում որևէ սպառնալիք Ադրբեջանից և Թուրքիայից, ուրեմն՝ այդպիսի ԱԽ քարտուղարը ինքն է սպառնալիք այս պետության անվտանգության համար։ Ասել, որ Ադրբեջանը և Թուրքիան մեզ համար թշնամի չեն, առնվազն ադեկվատ չէ, որովհետև այդ պետությունների Ազգային անվտանգության բոլոր փաստաթղթերում գրված է, որ Հայաստանը թշնամի պետություն է։ Նման հայտարարությունն առնվազն անհայրենիք է»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ միանշանակ պնդել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի ցեղասպանությունը հնարավոր չէ, սակայն ամերիկյան որևէ վարչակազմ երբեք այդքան մոտ չի եղել կանգնած դրան, որքան այսօր Բայդենի վարչակազմ է։

«Թուրքերը հասկանում են, որ դա խանգարելու համար լավագույն տարբերակը աշխարհին ցույց տալն է, որ հայ-թուրքական պրոցես կա։ Եվ այդ պրոցեսը փաթաթվում է մեր վզին և մեր իշխանությունները մտնում են այդ թուրքական խաղի մեջ»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 27-ին, Հանրային հեռուսատաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանը հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառանալով հարցին, թե Թուրքիան թշնամի պետություն է արդյոք Հայաստանի համար, նշել է, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։

News.am