Գարեգին Բ-ն ու Պատրիարք Կիրիլը քննարկել են իրավիճակն Արցախում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական գործընթացը», - նշված է հաղորդագրության մեջ:

Պատրիարք Կիրիլն Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին պարգևատրել է «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նրա 70-ամյակի կապակցությամբ:

Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:

Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: