Ստեփան Գալստյանի պաշտպան․ ԱԱԾ-ն մտավախություն ունի՝ գործը կփլուզվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մերժել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքը։

News.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Օնիկ Առաքելյանն ասաց, որ Գալստյանը դատարանի կայացրած որոշման հետ համաձայն չէ։

Նա նշեց, որ քրեական գործով նշանակված փորձագիտականն եզրակացություն չկա. «Քննչական մարմինը դադարեցրել է փորձաքննությունները, նոր փորձաքննություն է նշանակվել»։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պահանջել են, ինչպես քրեական գործում է նշված, անպիտան հրթիռները փորձարկել.

«Քննչական մարմինը մտավախություն ունի, որ հրթիռները կաշխատեն, գործը կփլուզվի։ Պահանջում ենք, որ փորձարկեն հրթիռները, հասկանանք կրակում է, թե՝ չի կրակում»։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։