Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հրապարակվել է ԱԺ կայքում։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

Իսկ եթե վերոհիշյալ ժամկետում պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ի դեպ, Բաղդասարյանն անկուսակցական է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2021-ի հունիսին կայացած ընտրություններում նա կրկին պատգամավոր էր ընտրվել։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Գյումրիում (նախկինում` Լենինական): 2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար: 2003-2005թթ. եղել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնականը:

2005-2006թթ.–ին դասախոսել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երևանյան մասնաճյուղում:

2005-2018թթ.–ին ղեկավարել է «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը: 2006-2018թթ.–ին աշխատել է «Ցայգ» ՍՊԸ–ում որպես իրավաբան, 2012 թվականից` Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող: 2012 թվականից` քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.` «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից` հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.` ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական: