Ադրբեջանական պատրանքներ․ Բաքվում Հայաստանին համեմատում են Գերմանիայի հետ և պահանջում խաղաղ պայմանագիր կնքել

Շարունակելով ամեն ինչ գլխիվայր շրջելու քաղաքականությունը՝ Ադրբեջանում առաջ են տանում «զոհի» գաղափարը՝ Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»։

«Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի առաջարկները հայտնի են Հայաստանին։ Հայ հասարակությունը պետք է փոխվի նաև քաղաքականապես, հոգեբանորեն և ընդունի իր հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։ Եթե ​​Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Հաջիևը՝ ակնհայտորեն համեմատելով Հայաստանը Գերմանիայի հետ։ Նրա խոսքով՝ մինչ 44-օրյա պատերազմը «իր համար շատ դժվար էր արտասահմանյան միջոցառումներին ելույթ ունենալ որպես պարտվող երկրի ներկայացուցիչ»։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիր կա, և այդ հարաբերությունները պետք է փոխվեն։ «Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,-ընդգծել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի ցույց են տալիս, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Սրան պետք է վերջ տալ։ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»: Միաժամանակ, Հաջիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում այլ պետություն ստեղծելու Հայաստանի մտադրությունը ձախողվել է։ Այսպիսով, խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը, շանտաժի և սպառնալիքների միջոցով Ադրբեջանը փորձում է ստիպել հայկական կողմին ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ մոռանալով, որ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի անկախության հռչակման ժամանակ Լեռնային Ղարաբաղն իր կազմում չէր։ Հաջիևը չի հիշատակել գերիների մասին, որոնց Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել արդեն մեկ տարուց ավել, ռազմական հանցագործությունների, գերեվարված հայերի, այդ թվում՝ ծերերի և կանանց, մշակութային հուշարձանների ոչնչացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառների և սանձազերծած ագրեսիայի մասին, տեղեկացնում է News.am։