Սյունիքի մարզպետարանը հերքում է. փոխվարչապետն ու մարզպետը ցեխի մեջ չեն խրվել

Սյունիքի մարզպետարանը հերքում է համացանցում տարածված հրապարակումներն այն մասին, թե երեկ` նոյեմբերի 12-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, բայց նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ։

«Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել»,– նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ մարզպետարանի` Ավագյանը միայն ասել է, որ շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Պապիկյանին ու Պողոսյանին և նրանց ներկայացրել իր առաջարկները։

Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը գրել էր, թե ամենագնաց ավտոմեքենան, որում եղել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Բարձրավան գյուղ տանող այլընտրանքային ճանապարհին խրվել է ցեխի մեջ։

Պաշտոնյաները փորձել են գյուղ մտնել գյուղական ճանապարհով, սակայն ապարդյուն։

Գյուղապետն օգնության է ուղարկել հատուկ տեխնիկա, սակայն այն նույնպես չի կարողացել հասնել Պապիկյանին և ընկերներին, ինչի արդյունքում վերջիններս ստիպված են եղել վերադառնալ Կապան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։