Եվրախորհրդարանը պահանջում է սառեցնել Լեհաստանի վերականգնման համար ԵՄ-ի միջոցները

Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը Եվրահանձնաժողովից պահանջել են սառեցնել Լեհաստանի համար միլիարդավոր եվրոները, քանի դեռ Վարշավան չի հարգում օրենքի գերակայությունը և ԵՄ իրավունքի գերակայությունը, գրում է Reuters-ը։

Նամակում աջակենտրոն «Ժողովրդական կուսակցությունը», ձախակենտրոն սոցիալիստները, «Նորացնել Եվրոպան» լիբերալ կուսակցությունը, «Կանաչները» և «Միացյալ ձախերը» հայտարարել են, որ Լեհաստանի ազգայնական կառավարությանը չի կարելի վստահել ԵՄ-ի կանխիկի դիմաց իր պարտավորությունների կատարումը:

«Մենք պահանջում ենք, որ Հանձնաժողովը, որպես պայմանագրերի պահապան, ձեռնպահ մնա լեհական վերականգնման ծրագրի հաստատումից, քանի դեռ բոլոր պայմանները չեն կատարվել՝ վերականգնման և կայունության կանոններին համապատասխան»,- ասված է խորհրդարանական հինգ խմբերի նամակում:

Վարշավայի և ԵՄ-ի միջև տարաձայնություններ կան նրա իրավական համակարգում կատարված փոփոխությունների պատճառով, որոնք, ըստ ԵՄ կառույցների, խախտում են դատարանների անկախությունը։

Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին, սակայն Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը որոշել է, որ լեհական օրենքները կարող են գերակա լինել ԵՄ օրենքներից: ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ դա խաթարում է Եվրամիության իրավական հիմքը:

Վտանգված են ԵՄ վերականգնման հիմնադրամից 23,9 միլիարդ եվրո դրամաշնորհները և 12,1 միլիարդ եվրո էժան վարկերը, որոնք Վարշավան կարող էր ստանալ COVID-19 համավարակից հետո տնտեսությունը վերականգնելու համար: Բայց գումար ստանալու համար նա պետք է համապատասխանի մի քանի չափանիշների, այդ թվում՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին։ Եվրախորհրդարանի նամակը լրացուցիչ քաղաքական ճնշում կգործադրի Հանձնաժողովի վրա, որպեսզի նա միջոցներ չհատկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Լեհաստանը չի զիջել վեճը, տեղեկացնում է News.am: