ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար

ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ժամանակ առ ժամանակ նաև ունենում ենք հայտարարություններ, որպեսզի մեր քաղաքացիներն ակտիվ կերպով գան և դոնոր հանդիսանան», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ նախօրեին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հաղորդագրություններ մշտապես տարածում է։ Բայց վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված՝ դոնորության նվազում ունենք։ Այդ պատճառով էլ իրենք ևս մեկ անգամ զգուշացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր համապատասխանում են այդ չափանիշներին, արյուն հանձնեն», - ասաց Ավանեսյանը։

Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ արյան պաշարների հետ կապված խնդիր չկա, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են և այդ հայտարարությունները ընթացիկ բնույթ են կրում, տեղեկացնում է Aysor.am։