ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ և 5 դեմ ձայնով 5 տարով ԵՊՀ ռեկտոր-կառավարիչ է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին։ Նա մի քանի ամիս է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն է:

Հիշեցնենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ էր հայտարարել: Ներկայացվել էր երկու դիմում: Դիողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր, երկրորդը՝ բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը:

Վերջինս փաստաթղթերը ներկայացրել էր ուշացումով:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ իր աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել է՝ իր՝ բուհում լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը։

«Այդ մասին են վկայում տարբեր աշխատակիցներ թե պրոֆեսորադասախոսական կազմի մեջ, թե վարչական ապարատի մեջ», - նշեց նա, տեղեկացնում է Panorama.am։