Պուտինը՝ Էրդողանին․ Հատուկ գործողությունը կդադարեցվի միայն Կիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո
Կիրակի տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ներկայացրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականն այդ համատեքստում, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է՝ ըստ պլանի և ժամանակացույցի:
Ընդ որում՝ ռուսական Զինված ուժերն անում են հնարավորինս ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու և անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ: Այդ ֆոնին հատուկ դաժանությամբ ու ցինիզմով են տարբերվում ազգայնականների, նեոնացիստական խմբավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ուղղությամբ գնդակոծությունն ու ուկրաինական քաղաքներում և բնակավայրերում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիներին օգտագործում՝ որպես «կենդանի վահան»:
Հաստատվել է ռուսական կողմի՝ Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ երկխոսելու պատրաստակամությունը հակամարտությունը կարգավորելու նպատակով: Միևնույն ժամանակ, նշվել է բանակցային գործընթացը հետաձգելու ցանկացած փորձերի անհեռանկարայնությունը, ինչն օգտագործվում է ուկրաինական ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության դադարեցումը հնարավոր է միայն Կիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ռուսաստանի ներկայացրած հայտնի պահանջները կատարելու դեպքում:
Կողմերը հույս են հայտնել որ պլանավորվող բանակցությունների հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչներն ավելի կառուցողական մոտեցում կդրսևորեն՝ լիարժեք հաշվի առնելով ստեղծվող իրողությունները:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները փաստել են երկու երկրների դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների գծով շփումները պահպանելու կարևորությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ռազմական գործողությունների շրջաններից թուրք քաղաքացիներին անվտանգ տարհանման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին:
Կողմերն ընդգծել են փոխշահավետ ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցությունը շարունակելու հարցում երկկողմանի դիրքորոշումը:
Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական գնահատական է տվել մի շարք արևմտյան երկրներում ռուսական մշակույթի և գործիչների նկատմամբ խտրական արշավներին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել սերտ շփումներ ապահովել տարբեր մակարդակներում»,-նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Daily Sabbath թուրքական պարբերականը, Էրդողանն ասել է Ռուսաստանի առաջնորդին, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ իր ներդրումն ունենալ Ուկրաինայի խնդիրների լուծման գործում խաղաղ միջոցներով:
«Ընդգծելով, որ անհապաղ հրադադարը ոչ միայն կթեթևացնի տարածաշրջանում հումանիտար խնդիրները, այլ նաև հնարավորություն կընձեռի քաղաքական լուծումներ փնտրելու համար՝ Էրդողանը կրկնել է իր՝ «խաղաղության ուղին միասին հարթելու» վերաբերյալ կոչը:
Նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարն ապահովելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու, հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղության մասին համաձայնագիր կնքելու կարևորությունը:
Նշելով, որ գտնվում է ուկրաինական կողմի և այլ երկրների հետ մշտական շփման մեջ՝ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել բազմակողմանի բանակցություններ անցկացնելու և արդյունքներ գրանցելու ուղղությամբ»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները, տեղեկացնում է News.am-ը: