Դանիլով. Նոր ռազմաճակատների բացումը կօգներ Ուկրաինային

ՌԴ շահերի դաշտում գտնվող այլ երկրների տարածքներում ռազմաճակատների ի հայտ գալը մեծապես կօգներ Ուկրաինային պայքարելու ռուսական հարձակման դեմ:

Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում, հաղորդում է УНИАН-ը:

«Այն բանից հետո, ինչ Լեռնային Ղարաբաղը ռազմական դրություն է հայտարարել իր տարածքում, կարող եմ ասել. այնտեղ իսկապես գործողություններ են տեղի ունենում: «Բայրաքթարները» ոչ միայն վերացնում են օրկերին մեր տարածքում, նրանք աշխատում են նաև Լեռնային Ղարաբաղում: ԵՎ այնտեղ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանին, որպեսզի նա օգնի զորքերին: Սակայն նրանք այնտեղից զորքերը դուրս են բերել անցյալ շաբաթ և ուղարկել են մեր երկիր: Մենք հետևել ենք այդ շարասյուներին: ԵՎ մենք հասկանում ենք, որ օգնությունը, որը ՌԴ-ն խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, ամենայն հավանականությամբ, դժվար հայտնվի այնտեղ»,- մեկնաբանել է Դանիլովը:

Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կուրիլյան շղթայի չորս կղզիների պատկանելության մասին Ճապոնիայի հայտարարությունից հետո ՌԴ-ն զորավարժություններ է սկսել: «ՌԴ պաշտպանության այդ հատվածում առկա զինվորականների թիվն այսօրվա դրությամբ ծայրահեղ քիչ է, քանի որ նրանք բոլորին ուղարկել են այստեղ»,- ասել է Դանիլովը:

«Ինչով կավարտվի այս իրավիճակը, դեռևս հայտնի չէ: Սակայն եթե այլ ճակատներ բացվեն Ռուսաստանի Դաշնության համար, որոնք նա արհեստակաորեն ստեղծել է իր իսկ ձեռքերով իր կարճ պատմության ընթացքում, դրանք մեզ շատ կօգնեն»,-նշել է գործիչը:

Դանիլովն ընդգծել է նաև, որ «Վրաստանն իրեն, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չի պահում»:

«Սակայն եթե Մերձդնեստրը և Վրաստանը և բոլորն այսօր զբաղվեին իրենց տարածքների վերադարձով… Բացի այդ, Լեհաստանը դեռևս ոչ պաշտոնական մակարդակով ելույթ է ունեցել՝ պահանջներ ներկայացնելով Կալինինգրադի մարզի նկատմամբ: Դա մեզ շատ կօգներ, քանի որ նրանք այլ զբաղմունք կունենային մեր գյուղերն ու քաղաքները ոչնչացնելուց, մեր կանանց և երախաներին սպանելուց բացի»,- հավելել է Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության քարտուղարը, տեղեկացնում է News.am: