Ռուբեն Մելքոնյան. Թուրքերը կոշտ պահանջներ են դնելու մեր առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ–թուրքական հարաբերությունների այս փուլը կրկին հիմնված է թուրքական նախապայմանների վրա, դրանք որևէ կերպ չեն փոխվել, և առաջիկայում Թուրքիան կոշտացնելու է իր դիրքորոշումը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ և թուրք բանագնացների Վիեննայում մայիսին կայանալիք երրորդ հանդիպմանը մասին:

 

«Ավելին, հիմա ավելի հստակ հայ–թուրքական հարաբերությունները կապվում են հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ, ուղիղ տեքստով ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից ֏ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հայ–թուրքական հարաբերությունները շատ արագ, սրընթաց կզարգանան»,– ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Հայաստանի օրակարգը այն պետք է լիներ, որ նախապայմաններն ընդունելի չեն, բայց նման ցանկություն ունենալու հնարավորություն հիմա չունենք, քանզի Հայաստանում կա իշխանություն, որն այդպիսի մտածողությունից բավական հեռու է։

«Առաջիկա հանդիպումը նշանավորվելու է թուրքական ձեռագրի, թուրքական ոճի կոշտացմամբ, որովհետև այս պրոցեսը թուրքերի համար արդեն որակվում է որպես իմիտացիա»,–ասաց նա։

Ըստ նրա՝ եթե Հայաստանը որևէ կոնկրետ զիջման դեռ չի գնացել, թուրքերի համար, հատկապես բազմափորձ դիվանագետ Սերդար Քըլըչի համար այլևս իմաստ չունի ինքնանպատակ հանդիպել Հայաստանի բանագնացի հետ։

«Կարծում եմ՝ թուրքերն ավելի ուլտիմատիվ և ավելի կոշտ պահանջներ են դնելու։ Պահանջելու են հստակ, կոնկրետ քայլեր, այսինքն՝ ոչ միայն խոսքեր, հայտարարություններ, այլ կոնկրետ քայլեր։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը շտապում են, գիտենք դրա պատճառը, որովհետև Հայաստանը ամենաթույլ վիճակում է, և հիմա աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ամեն օր փոխվում են, կարող են փոխել նաև իրավիճակը հայ–թուրքական և հայ–ադրբեջանական ճակատներում և ամենևին ոչ թուրքանպաստ, կամ ադրբեջանանպաստ ուղղությամբ»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպաստավոր պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են արագ հասնել լուծումների։