«Նիկո՛լ, դավաճան»․ Նիդեռլանդներում ՀՀ վարչապետին բողոքի ակցիայով են դիմավորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչները պաշտոնական այցով այդ երկրում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են վիրավորանքներով և «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով։
Համացանցում տարածված կադրերում երևում է, որ նիդեռլանդական կողմի ներկայացուցիչները հյուրանոցի մոտ սպասում են Փաշինյանի և հայկական պատվիրակության ժամանմանը։ Հենց նրանք տեղ են հասնում, հավաքված ցուցարարները սկսում են վանկարկել «Իսկ ո՞ւր է քո ոստիկանությունը», «Դավաճան», «Մարդասպան»։
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները մեքենայից դուրս չեն գալիս, իսկ նիդեռլանդական կողմը թիկնապահների հետ միասին սպասում է ակցիայի ավարտին։
Մեկ այլ տեսանյութում երևում է, որ արդեն հյուրանոցի ներսում ակտիվիստները սպասում են վարչապետի ժամանմանը, և երբ նա ներս է մտնում, սկսում են գոռալ «Նիկո՛լ, դավաճան» , տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները թուրքական դրոշ և վարդեր էին թողել Հայաստանի դեսպանատան մոտ։ Նրանք այդպես «դիմավորել էին» Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը քառօրյա այցով Վաշինգտոնում էր։
Ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Արցախի հարցում դավաճանական քաղաքականության և Թուրքիայի հետ այս ֆոնին հարաբերություններ սկսելու համար։ Երևանում այս օրերին կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են ընթանում։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն։