ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԵՐԻ ԳԻՐԿԸ ՀՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ՊԱՐԶ Է

Եթե ոմանք դեռ տարակուսում են այն առնչությամբ, թե ինչու է ժողովրդավարական Արևմուտքը, և մասնավորապես՝ ամերիկացիները, համառորեն աչք փակում Հայաստանում տեղի ունեցող աղաղակող հակաժողովրդավարական գործընթացների վրա, խորհուրդ եմ տալիս կարդալ Բալթիմորի համալսարանի պրոֆեսոր, Հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցի տնօրեն ոմն Իվան Սաշա Շիհանի ցուցանշական հոդվածը՝ հրապարակված «Բոստոն Հերալդ» թերթում:

Հենց միայն վերնագրում՝ «ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանի վարչապետին՝ դիմակայելու Ռուսաստանին», արված են բոլոր շեշտադրումները, բացառելով երկակի մեկնաբանությունների ցանկացած հնարավորություն Հայաստանում ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում: Հարկ է առանձնահատուկ նշել, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իր անձնական կարծիքը հայտնող ամերիկացի շարքային լրագրողի մասին է, այլ Բալթիմորի համալսարանի Հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցի գործադիր տնօրենի, «The National Interest»-ի մշտական հեղինակի, որը մինչև 2011 թվականը «Նիքսոնի կենտրոն» կոչվող և ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտում առաջարկությունների մշակման ուղեղային կենտրոնը հանդիսացող «Ազգային շահերի կենտրոն» կազմակերպության խոսափողն է:

Եվ այսպես, ի՞նչ է գրում Շիհանը՝ նշելով, որ Հայաստանում «հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ»։ Ներկայացնենք մի քանի մեջբերում։

«Եթե ցուցարարներին հաջողվի տապալել Փաշինյանին, ապա ռուսաստանյան վերահսկողությունը կրկին կտարածվի այդ երկրի սահմաններից դուրս...»։

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հաղորդվում է, գլխավորում է բողոքի ակցիաները և արդեն ներկայացրել է իր տեսլականը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ընդամենը մի քանի օր առաջ նա Հայաստանին կոչ է արել միանալ Մոսկվայի գլխավորած միութենական պետությանը՝ հաստատելով Հայաստանի հարևանի հետ լիարժեք ինտեգրվելու իր նախկին պարտավորությունները»։

«Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ ևս մեկ հետխորհրդային պետություն հայտնվի իր դաշնակից Պուտինի վերահսկողության տակ։ Ուստի Վաշինգտոնը պետք է ձգտի աջակցել վարչապետ Փաշինյանին»։

«Բողոքի ցույցերը կենտրոնացած են մի խնդրի վրա, որը գերիշխել է Հայաստանում Խորհրդային Միությունից անկախանալու պահից ի վեր. Լեռնային Ղարաբաղի։ Իրավաբանորեն ճանաչված լինելով Ադրբեջանի մաս, այն գտնվում էր հայ անջատողականների վերահսկողության տակ 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից ի վեր. տարածքը կառավարվում էր որպես Հայաստանի արդյունավետ շարունակություն... Կարճատև բախման արդյունքում երկու տարի առաջ Ադրբեջանը վերադարձրեց իր տարածքի մեծ մասը... Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի հանդեպ իր տարածքային պահանջներից, ենթադրաբար՝ այնտեղ բնակվող էթնիկ հայերի ֆորմալ պաշտպանության համար։ Բայց զիջումների ցանկացած ակնարկ հենց այն է, ինչի դեմ բողոքում են ցուցարարները»։

«Փողոց ելած հազարավոր մարդկանց պարագայում Փաշինյանի ապագան երերուն է թվում։ Նույնիսկ եթե նրան չփոխարինի ռուսական խամաճիկ, բողոքները, միևնույն է, կարող են ապահովել Ռուսաստանի շահերը։ Վարչապետն իր գոյատևումը կարող է տեսնել միայն նրանում, որ համաձայնի ցուցարարների պահանջներին և խափանի խաղաղության համաձայնագիրը։ Դա թույլ կտա պահպանել ներկայիս ստատուս-քվոն, որն այսօր պաշտպանում և վերարտադրում է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում։ Հետևաբար, ԱՄՆ-ը պետք է համոզի Փաշինյանին հավատարիմ մնալ ընտրված ուղեգծին»։

«Ամերիկան պետք է օգնության ձեռք մեկնի Հայաստանի վարչապետին... ԱՄՆ-ն պետք է վճռականորեն խրախուսի խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ և զուգահեռ մերձեցումը Թուրքիայի հետ, նույնիսկ եթե դա ձեռք բերվի զիջումների գնով։ Միայն այդ դեպքում, երկարաժամկետ հեռանկարում, Հայաստանը կկարողանա դուրս պրծնել Ռուսաստանի ուղեծրից»։

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԱՅՍՔԱՆՆ ԷԼ ԲԱՎԱՐԱՐ Է։ Հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը համառորեն չի նկատում Նիկոլի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներին, չի նկատում ակնհայտ անհամաչափ ուժը, որ կիրառում է ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, և գրեթե բաց տեքստով հայտարարում է, որ սատարելու է Փաշինյանին՝ հակառակ հայ ժողովրդի կամքին։ Մի՞թե այդ մասին չէր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերջին հայտարարությունը։

Ի դեպ, պետք է «շնորհակալություն» ասել հոդվածի հեղինակին, քանի որ նա բացահայտ ու հստակ շարադրել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ընդ որում հերթական անգամ բացահայտելով սեփական երկրի շահերի դեմ գործելու Փաշինյանի ուղեգիծը։

Ի դեպ, դժվար է ուշադրություն չդարձնել հոդվածում բովանդակվող ակնհայտ կեղծիքին՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերյալ, որը խոսելով Ռուսաստանի հետ ավելի սերտ ինտեգրման անհրաժեշտության մասին՝ հակառակը, հանդես է եկել իրավահավասար դաշնակիցներ լինելու օգտին, այլ բնավ ոչ Ռուսաստանից Հայաստանի կախվածության։

Դժվար է ուշադրություն չդարձնել նաև այն հանգամանքին, որ արցախահայերին բալթիմորցի պրոֆեսորն անվանում է անջատողականներ, համարում Արցախի կորուստը (այդ թվում՝ Հայաստանի համար) դրական զարգացում, որն, իբր, պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը բարգավաճի Ադրբեջանի և Թուրքիայի հետ մերձեցման շնորհիվ։

«Հերթական իմպերիալիստը կոչ է անում աջակցել Փաշինյանին՝ ընդդեմ ռուսամետ գործիչների,-«ԳԱ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։- Այդ հակահայ կերպարը չի խոսում ո՛չ հայերի իրավունքների, ո՛չ Հայաստանի անվտանգության ապահովման, ո՛չ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց և ցեղասպան պետական քաղաքականության մասին։ Իհարկե, մի բառ անգամ չկա Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների հաղթահարման մասին։ Իր ողորմելի հոդվածում նա հայտարարում է, թե «ԱՄՆպետք է վճռականորեն խրախուսի խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ և զուգահեռ մերձեցումը Թուրքիայի հետ, նույնիսկ եթե դա լինի Հայաստանի կողմից զիջումների գնով»։ Իբր՝ միայն այդպես Հայաստանը, կարող է դուրս գալ Ռուսաստանի ուղեծրից։ Իր համար կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե նրա խամաճիկային ղեկավարությունը լրացուցիչ դավաճանական զիջումներ անի։ Գլխավորը, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից և նետվի թուրքերի գիրկը։ Իսկ դրանից հետո՝ ինչ լինելու է, թող լինի...»։

Շիհանի հոդվածը բացահայտում է բազմաթիվ հետաքրքիր եզրեր. սկսած Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունից, վերջացրած Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ծրագրերով, ինչպես նաև ներքաղաքական այն ուժերի դիրքորոշմամբ, որոնք ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են տարածում հայ հասարակության մեջ, պնդելով, թե Արևմուտքը մեզ կօգնի։

Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա։ Ի՞նչն է անհասկանալի։