Դավթյանը զոհվածների ծնողներին կընդունի առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցնել մեղադրյալի աթոռին։

 


Կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Օհանջանյանը, ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի օրերին (հոկտեմբերի 15-ին) որդին sms հաղորդագրություն է գրել ու ասել. «Այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ հետը»։

«Մենք այժմ պահանջում ենք, որպեսզի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (Պետական դավաճանությունը) գործ հարուցվի։ Մենք պահանջում ենք նաև, որպեսզի քննչական կոմիտեից Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվի մեր գործը»,– նշեց Օհանջանյանը։

Մյուս ծնողներն էլ շեշտեցին, որ Քկ–ին չեն վստահում, մասնավորապես` Արգիշտի Քյարամյանին (ՔԿ նախագահ,–խմբ.), և հիասթափված են նրանից հատկապես այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են վերջինիս հետ ու իրենց պնդմամբ` ոչ այնքան լավ վերաբերմունքի արժանացել։

Ծնողները նաև ցանկանում են ճշտել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից` արդյոք նա ի վիճակի է այնպես անել, որպեսզի իրենց գործը ՔԿ–ից ԱԱԾ տեղափոխվի։

Ակցիայի մասնակիցները նաև սկսեցին վանկարկել` «Արթո՛ւր, իջի՛ ցած»։

Դավթյանի օգնականը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ 2 հոգի կարող է բարձրանալ, սակայն նրանք հրաժարվեցին այդ առաջարկից։ Դրանից հետո մեկ այլ աշխատակից էլ իջավ ու ասաց` 10 ծնող կարող է ներս մտնել, սակայն առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների։

Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ՔԿ–ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ–ում քննեն։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։

Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։

Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։

Sputnik Արմենիա