Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է

Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Աշխատանքները կրկին կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո»,–ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց` «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

«Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել»,–նշել են նախարարությունից։

Նշենք, որ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։

Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։

Նախագծի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։

Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։

ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։

Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ին։

ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Sputnik Արմենիա