Բրիտանիայի նոր վարչապետի անունը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին, իսկ Բորիս Ջոնսոնի իրավահաջորդին գտնելու քարոզարշավում թեկնածուներին ընտրելու առաջին քվեարկությունները տեղի կունենան այս շաբաթ։

Մինչ այժմ 11 հավակնորդներ են հայտարարել իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնում Ջոնսոնին փոխարինելու համար պայքարին մասնակցելու իրենց ցանկության մասին։

Պահպանողական պատգամավորներից կազմված «1922 կոմիտեն», որը կազմակերպում է քարոզարշավը, հայտարարել է, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է ստանա կուսակցության 358 օրենսդիրներից առնվազն 20-ի աջակցությունը՝ չորեքշաբթի օրը կայանալիք առաջին քվեարկության առաջին փուլում ընդգրկվելու համար:

BBC-ի փոխանցմամբ՝ կուսակցության խորհրդարանական անդամները քվեարկության մի քանի փուլերում առաջադրված թեկնածուներից կընտրեն 2-ին։Դրանից հետո վերջին խոսքը պատկանելու է Պահպանողական կուսակցության 160 հազար շարքային անդամներին, որոնք քվեարկությանը կմասնակցեն փոստով։

Բրիտանական ավանդույթի համաձայն՝ իշխող կուսակցության առաջնորդ ընտրված գործիչը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ կառավարության ղեկավարի պարտականությունները կշարունակի կատարել Բորիս Ջոնսոնը։

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, առաջարկում է Համայնքների պալատում այսօր արդեն շրջանառության մեջ դնել Ջոնսոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Reuters-ի տեղեկություններով՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդները պահանջում են, որպեսզի Ջոնսոնը չշարունակի ևս երկու ամիս պաշտոնավարել՝ անհապաղ լքելով Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը։ Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ եթե խորհրդարանը հավանության արժանացնի լեյբորիստների նախաձեռնությունը, Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ կկայանան։

Azatutyun.am