Վրաստանում մեկնարկել են «Արժանի գործընկեր 2022» զորավարժությունները

«Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի զորավարժարանում, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Միջազգային զորավարժությունների բացման արարողությանը ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչներ, զորավարժություններին մասնակցող երկրների ռազմական կցորդներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հիմնական խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։

«Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են անցկացվում «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները։ Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը և Եվրոպայում ու Աֆրիկայում Միացյալ Նահանգների հրամանատարությունը (USAREUR)՝ ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) աջակցությամբ։

«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունը և փոխգործունակությունը՝ Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար: Այս տարի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիան, Լիտվա- Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադը և Շվեդիայի զինված ուժերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

News.am