Ադրբեջանը հայտնում է, որ մեղմել է 4 հայ ռազմագերիների պատիժը․ նրանք ազատ են արձակվել

Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Նրանք ազատ են արձակվել»,- գրում է գործակալությունը։

Sputnik Ադրբեջանը նաև հայտնել է, որ այսօր ազատ արձակված հայերը ձերբակալվել էին 2020-ի դեկտեմբերին։ Ենթադրվում է, որ խոսքը Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել 60-ից ավելի հայ կամավորներ։

Նշենք, որ ավելի վաղ Telegram ալիքներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այսօր Հայաստան են վերադարձվելու 5 ռազմագերիներ։

Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։

Sputnik Արմենիա