Ազգը պետք է ոտքի կանգնի․ԱԺ-ի մոտ են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց` հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։

 

44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է ներկա իշխանություններին անվստահություն հայտնելու պահը։ Պնդում է՝ երկրի ղեկին կանգնած մարդիկ պետք է հեռանան՝ հնարավորություն տալով երկիրը հանել այս իրավիճակից։

«Այս իշխանությունները միտումնավոր են անում, թե անմիտ, արդեն երկրորդական է, սակայն արդյունքը նույնն է` զոհվում են զավակներ, դժբախտանում են ընտանիքներ, հողեր ենք կորցնում։ Ազգը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Կարին Տոնոյանը։

Նրա խոսքով՝ սա այն պահն է, որ պետք է ազգը համախմբվի։ «Մենք պետք է ասենք, որ տեր ենք մեր հայրենիքին, և ոչ մեկի կյանքը մեր զավակների կյանքից թանկ չէ, եթե ես իմ զավակին եմ ուղարկել այս հայրենիքի համար, ես էլ եմ պատրաստ։ Եթե պետք է անպատիվ ապրենք, ավելի լավ չէ՞, որ պատվով մեռնենք։ Թեպետ ես կոչ չեմ անում մեռնել, մեռնել պետք չէ, պետք է լինի պայքար և հաղթանակ»,- ընդգծեց Տոնոյանը։

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ևս կոչ արեց հայ ժողովրդին դուրս գալ փողոց և մնալ այնքան, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել։ «Եկեք չսպասենք այնքան, որ թշնամին արդեն Երևան գա, դուրս եկեք փողոց՝ գերիների ծնողներ, անհետ կորածների, բոլոր ժամանակներում զոհվածների ծնողներ, որովհետև եթե դա չանենք, այսքան զոհ տալուց հետո երկիր ենք կորցնելու»,- նշեց նա։

44-օրյայում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու են զոհվածների ծնողները հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ «Այս մարդիկ իրենց զավակներին արդեն կորցրել են, նրանք երկնքում են, մենք գիտենք, թե զոհ ունենալն ինչ է, Նիկոլը չգիտի, Ալենը չգիտի, Աստված տա, թող չիմանան»,- ասաց Նազարյանը։

Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Sputnik Արմենիա