ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանային իրավիճակը գնահատելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։

Առաքելության կազմում կլինեն նաև կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը և մասնակից պետությունների ներկայացուցիչներ։

Խորհուրդը նաև լիովին աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին և համաձայնեցրել է աշխատանքային խմբի ստեղծումը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար։

News.am