Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին․ Միրզոյանը հանդիպել է Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Կողմերը կարևորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։

Sputnik Արմենիա