Զորյան ինստիտուտի և Կանադայի հայ համայնքի անդամների նամակն՝ ուղղված Կանադայի վարչապետին

Զորյան ինստիտուտի և Կանադայի հայ համայնքի անդամները նամակով դիմել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Ստորև ներկայացնում ենք նամակը.

«Ձե՛րդ Գերազանցություն պարոն վարչապետ

Դուք հավանաբար տեղյակ եք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 12:05-ին Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց չհայտարարված և չարդարացված լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան հատվածի մի քանի ուղղություններով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Օգտագործելով ծանր հրետանի, բազմակի արձակման հրթիռային համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքերը, ադրբեջանական զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները և հարակից գյուղերը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վնասվել են շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժ հաստատություն, 7 էլեկտրական օբյեկտ, 5 ջրային օբյեկտ, 3 գազատար և 1 կամուրջ։ Զոհերի և անհետ կորածների թիվը այս պահին գերազանցում է 207-ը։ Կասկած չկա, որ նման անասելի վայրագություններ կատարելը ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից սեփական հասարակության շրջանում հայատյացության և թշնամանքի սերմանման տասնամյակներ շարունակվող քաղաքականության ուղղակի արդյունքն է։

Կարևոր է նշել, որ սա սահմանային բախում չէր: Սա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Ադրբեջանի վերջին ագրեսիային անդրադարձան և դատապարտեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ վերջին նիստի ընթացքում և դրանից հետո։

Հայ-ադրբեջանական սահմանները շարունակում են մնալ ծայրահեղ լարված, և Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրությանը բազմիցս զգուշացել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման հավանականության մասին։ Ադրբեջանի և նրա աջակիցների (Ռուսաստանի և Թուրքիայի) գործողությունները պետք է վաղ նախազգուշացման ազդանշան ծառայեին միջազգային հանրության համար։ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի և նրա ինքնիշխան տարածքի դեմ բազմիցս հնչեցրած պնդումները պահանջում են միջազգային հանրության կոշտ, հստակ և միանշանակ ուղերձ՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից ցանկացած հետագա զինված ագրեսիա կամ նմանատիպ գործողություն, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ փխրուն իրավիճակը տարածաշրջանում, չի հանդուրժվի: Եթե այս գործողությունները շարունակվեն, ապա անհրաժեշտ է, որ Ադրբեջանի Հանրապետությունը առերեսվի ուժի կիրառման և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խարտիայի խախտման հետևանքների հետ: Սա հարձակում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այլ նաև նրա ժողովրդավարության դեմ, ինչպես նաև խորքային իմաստով միջազգային իրավունքի և կարգի դեմ։

Այս առումով, և ի շահ տարածաշրջանային կայունության, մենք՝ Զորյան ինստիտուտի և Կանադայի հայ համայնքի անդամներս, խնդրում ենք Ձեզ հետ հրատապ հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար Կանադայի կառավարության գործողությունների ծրագիրը՝ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Մենք նաև կոչ ենք անում Կանադայի կառավարությանը ձեռնարկել հետևյալ գործողությունները.

1. պահանջել ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան,

2. գործարկել միջազգային դիտորդական առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում՝ օգնելու ապահովել տարածաշրջանային կայունությունը,

3. աջակցել, որ կազմակերպվի ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը գնահատելու և տեղում մշակութային ժառանգության պաշտպանությունը ապահովելու նպատակով,

4. օգնել ապահովել, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը մուտք ունենան դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի,

5. օգնել ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և անվտանգությունը ապահովվեն և երաշխավորվեն։

Պարոն վարչապետ, Կանադան վայելում և հպարտանում է մարդու համընդհանուր իրավունքների և միջազգային խաղաղության պաշտպանի իր երկարամյա համբավով։ Բնական է, որ կանադական արժեքները ազդեցություն ունենան այս կարևոր հարցերի նկատմամբ:

Հարգանքով՝ ԿՄ Գուրգեն Սարգասյան՝ Զորյան ինստիտուտի նախագահ,

Դոկտոր Նուբար Աֆեյան՝ Moderna-ի համահիմնադիր, Aurora Prize-ի համահիմնադիր

Դոկտոր Ատոմ Էգոյան՝ կանադացի կինոռեժիսոր

Պրոֆեսոր Դորիս Բերգեն՝ Տորոնտոյի համալսարանի Կանցլեր Ռոուզի և Ռեյ Վուլֆի անվան հոլոքոստի ուսումնասիրության կենտորնի պրոֆեսոր

Պրոֆեսոր Ռոջեր Վ. Սմիթ՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ

Արմինե Յալնիզյան՝ տնտեսագետ և աշխատողների ապագայի հարցերով զբաղվող Աթկինսոն հիմնադրամի գիտաշխատող

Արսինե Խանջյան՝ դերասանուհի, պրոդյուսեր և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ

Դոկտոր Արշավիր Գյունջյան՝ ՄակԳիլ Համալսարանի Էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր

Ալան Ուայթհորն՝ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր։

News.am