Տեղակայման և գործառույթների հարցը քննարկվում է. ԱԳՆ–ն` ԵՄ քաղաքացիական առաքելության մասին

ԵՄ քաղաքացիական առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ հարցերը գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Պատասխանում ասվում է` հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի` Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով` ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հաշվի առնելով նշյալը, ԱԳ նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ։

«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,– ասված է հաղորդագրությունում։