Խոշոր հարկատուների ցանկը. տնտեսության առաջատարներն են պղինձը, վառելիքն ու ծխախոտը

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը:

 Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը ինչպես և այս տարվա առաջին ու երկրորդ եռամսյակներում, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ցանկի առաջատարներից են նաև այլ հանքարդյունաբերողներ, ծխախոտի ու կապի բիզնեսի ներկայացուցիչներ, վառելիքի շուկայի գերիշխողներ։

Խոշոր հարկատուների ցանկի առաջատարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հունվար–սեպտեմբեր ամիսներին 129 մլրդ դրամ է վճարել պետությանը։ Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է` ավելի քան 41.8 մլրդ վճարմամբ։ Երրորդ և չորրորդ տեղերում ծխախոտի երկու խոշոր արտադրողներն են` «Գրանդ Տոբակոն» (32.4 մլրդ) ու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (16.3 մլրդ)։

Հինգերորդ տեղում կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է, որը 9 ամսում 12.5 մլրդ դրամի մուտք է արել պետբյուջե։

Վեցերորդ տեղում նույնպես ծխախոտի բիզնեսի ներկայացուցիչ ընկերություն է`«Ֆիլիպ Մորրիս Արմենիան», որը 12.4 մլրդի հարկ է վճարել։

Առաջին տասնյակում են նաև վառելիքի շուկայի 2 խոշոր ընկերություններ. «ՍԻ ՓԻ ԷՍ էներջի գրուպը» յոթերորդն է` 11.8 մլրդ դրամ հարկերով, «Ֆլեշ» ընկերությունը` իններորդը` 11.2 մլրդով։

Ութերորդ տեղում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Այն տարվա առաջին 9 ամիսներին այն 11.6 մլրդ դրամ է մուտք արել բյուջե։

Իսկ խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա» ընկերությունը, որը նույնպես ծխախոտային բիզնեսով է զբաղվում։ Այն այս տարվա ընթացքում այն 11 մլրդի հարկային վճարում է կատարել։

«ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան» «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում։ Այն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկը։

ՊԵԿ տեղեկատվության համաձայն`2022թ.–ի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարվել ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ:

Հարկային մարմին վճարվել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, մաքսային մարմին` ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

Sputnik Արմենիա