ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայկական ընկերության նկատմամբ ՌԴ-ի հետ կապերի համար

Milur Electronics ԲԲԸ-ն («Միլանդր» ընկերության հայաստանյան մասնաճյուղը) հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ ռուսական ձեռնարկության հետ կապերի համար: Տեղեկությունը նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Միլանդր» միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ: Նա հայտնում է, որ դա արվել է, քանի որ ընկերությունն աշխատում է կամ աշխատում էր էլեկտրոնիկայի արտադրության ռուսական տիրույթում։

««Միլանդրը» Մոսկվայի գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է»,-ասել է Բլինկենը։

Նա հավելել է, որ նշված ընկերության հետ կապի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն ու թայվանական Sharp Edge Engineering Inc-ը:

Ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 28 իրավաբանական և 14 ֆիզիկական անձանց: Նշվում է նաև, որ Հայաստանում գործող Milur Electronics-ը շվեյցարական MILUR SA ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն ստեղծվել է արտասահմանյան գործարաններում պատվերներ իրականացնելու, ինտեգրալային չիպեր արտադրելու և արտերկրում վաճառք իրականացնելու նպատակով:

Sputnik Արմենիա