Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը վերընտրվել է

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է։

Նշենք, որ ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ «‎Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։

Ավելի վաղ կառավարությունը որոշել էր Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիաներին։

Sputnik Արմենիա