«ՍՈւ-30»-Ի ԳՈՐԾԸ. Ո՞Վ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Դավթյանին չէր կարելի նշանակել Գլխավոր շտաբի պետ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարի 10-ին, Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ Քր.օր.-ի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խոսքը պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանությունը կամ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մասին է՝ ի շահ մեկ անձի կամ անձանց խմբի, ինչը հանգեցրել է նյութական ծանր հետևանքների։

Մեղադրանքն առաջադրվեց այն ժամանակ, երբ գործով արդեն կային մի քանի մեղադրյալներ. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սպառազինության հայտնի մատակարար Դավիթ ԳալստյանըՊատրոն Դավո» մականունով), ավիացիայի վարչության պետը և այլն։

«Սու-30» մակնիշի չորս ինքնաթիռների գնման գործի մասին հրապարակված տեղեկությունները ծայրաստիճան սուղ են, թեև դրա հանդեպ հետաքրքրությունն առաջվա պես մեծ է։ Առկա են միայն Փաշինյանի առաջին հայտարարություններն այն մասին, որ հրթիռները չեն հասցրել գնել, ինչպես նաև ռազմական փորձագետների այն հայտարարությունները, որ այդ հրթիռները չեն վաճառվում, քանի որ այդ առնչությամբ համապատասխան պարտավորություններ կան ՌԴ-ի կողմից։ Այլ կերպ ասած, ՌԴ-ն ստորագրել է փաստաթղթեր, որոնք արգելում են այդ հրթիռների վաճառքն այլ երկրներին։ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը դեռևս ինքնաթիռների գնման փուլում հայտարարել է, որ «խոսքը հանցագործության մասին է, որի համար հարկ կլինի պատասխան տալ»։

Հակոբյանը խոսել է նաև Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու անթույլատրելիության մասին։ «Մենք դեռ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմից բավական մեծ տարածք ենք զիջել։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը մոտ 6 կմ առաջ է շարժվել, դիրքեր ենք կորցրել Արենիի հատվածում»։ Հակոբյանն ընդգծել է, որ այդ պատճառով ինքն ասել էր Փաշինյանին, որ չի կարելի Դավթյանին նշանակել Գլխավոր շտաբի պետ։ Դավթյանի նշանակման վերաբերյալ եղել են միայն բացասական արձագանքներ, ընդ որում ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում

«Կառուցվածքային բարեփոխումների» հիմնական թիրախը

Դավթյանի հրաժարականի հետ կապված պատմությունը, որը հաջորդեց համավարակի թեժ պահին նրա որդու հարսանիքին, չեմ վերապատմի, դա հայտնի է բոլորին, իսկ ահա այն մասին, որ 2020 թվականի աշնանը Դավթյանը համակարգում էր պաշտպանական միջոցառումները Սյունիքում, քչերն են հիշում։

Հոկտեմբերի 19-ից գեներալ-լեյտենանտը համակարգում էր այդ աշխատանքները, իսկ նոյեմբերին անսպասելիորեն վերադարձավ Երևան։ Սյունիքում այդ պահին բավական լարված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցին նա պատասխանեց, թե իր մասով բոլոր խնդիրները կատարված են։ Հիշեցնեմ, որ խոսքը Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակաշրջանի մասին է։ 2021 թվականի մայիսի 12-ին զինված ադրբեջանցիներն առանց որևէ խոչընդոտի ներթափանցեցին Սյունիքի տարածք և հաստատվեցին Սև լճի հարակից դիրքերում։

Դավթյանն ակտիվորեն մասնակցում էր ՊՆ-ի «կառուցվածքային բարեփոխումներին» մինչև մայիսի 12-ի բռնազավթումը։ Նրան այդ ժամանակ օգնում էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Երկուսն էլ բանակային կորպուսների խոշորացման և անհրաժեշտ կադրային կրճատումների քողի տակ, Փաշինյանի անմիջական ցուցումով, աշխատանք էին տանում 2021թ. փետրվարին Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմումի տակ ստորագրած գեներալներին ԶՈՒ-ից դուրս մղելու ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ խոսքը 40 գեներալների մասին է, որոնք սատարել էին այն ժամանակ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։

Այդ կերպ Դավթյանը ջանում էր վերադարձի արժանանալ ղեկավար պաշտոնի՝ սկանդալային պաշտոնանկությունից հետո։ «Կառուցվածքային բարեփոխումների» գլխավոր թիրախներից մեկը, հիշեցնեմ, գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին։ Գրիգորի Խաչատուրովը աչքի է ընկել ոչ միայն 44-օրյա պատերազմում, այլև մինչ այդ Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Այն մասին, որ ԶՈՒ ղեկավար պաշտոններում Դավթյանը բանակին ոչինչ չի բերել, բացի ավերմունքից, շատ է խոսվել։ Այսօր ճիշտ ժամանակն է՝ հիշեցնելու, որ Փաշինյանի բոլոր հանձնարարությունների ջերմեռանդ կատարումը չօգնեց Դավթյանին խուսափել մեղադրանքներից ոչ պիտանի սպառազինության գնման սկանդալային գործով։

Պարզ է, որ դա մութ գործ է

2021 թվականի հունվարին պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվա՞ծ էր հրթիռներ գնել «Սու-30» ինքնաթիռների համար, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական ոչ մի թռիչք չեն կատարել, Դավթյանը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, և ինձ թվում է՝ հիմա էլ բանակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն։ Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէր բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստանից, մենք նման կետ ունեցել ենք» («Հրապարակ» օրաթերթ, 26 հունվարի, 2021թ.):

Դավթյանը խոսում է 2018-2024թթ. սպառազինության գնման ծրագրի մասին, որը հաստատվել էր նախքան իշխանության զավթումը: 2018թ. մայիսի 8-ից հետո դրանում էական փոփոխություններ են կատարվել։ Ինչո՞ւ «Սու-30» ինքնաթիռների գնման վերաբերյալ գործում չի նշվում ծրագրի փոփոխության գլխավոր նախաձեռնողի անունը։ Պատասխանը պարզ է. սպառազինությունների գնման ցուցակի փոփոխության նախաձեռնողը Փաշինյանն էր, համենայնդեպս՝ վճռորոշ խոսքը նրանն էր…

Ոչ պիտանի զենքի գործով դատավարության մասին շատ քիչ բան է հայտնի։ Հիշեցնեմ, որ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը պնդում էր, որ  դատավարությունը լինի դռնբաց, սակայն Տոնոյանի և մի խումբ անձանց նկատմամբ դատավարությունն ընթանում է մեծ ընդմիջումներով և դռնփակ։ Տոնոյանը ցանկանում էր շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն նրան թույլ չտվեցին։ Մեղադրանքների առաջադրումից հետո Դավթյանը մի ամբողջ տարի լռում էր ձկան պես, իսկ ԶԼՄ-ների ուշադրությունն արդեն սևեռվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին ներկայացված մեղադրանքների վրա։ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանն արդեն հայտարարել է, որ յուրաքանչյուր գործով մեղադրանքների մեկական դրվագով քննությունը գտնվում է եզրափակիչ փուլում։

Իսկ ինչ վերաբերում է «Սու-30»-ի գնմանն առանց մարտական լրակազմի, ապա ուզում եմ հիշեցնել Փաշինյանի հազվադեպ մեջբերվող այն հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից, թե այդ ինքնաթիռները փորձարկում են անցել և խոցել են պայմանական թիրախները։ Փորձագետներն այն ժամանակ զարմացան. ինչպե՞ս և ինչո՞վ կարող էին այդ ինքնաթիռները խոցել պայմանական թիրախները, եթե այլ հրթիռներ դրանց չեն համապատասխանում։

Դավթյանին ներկայացված մեղադրանքներից մեկ տարի անց կան բազմաթիվ ենթադրություններ, որ ոչ պիտանի զենքի գնման գործը կարգելակեն։ Քաղաքացիների միջավայրում գերակշռում է այն թյուր կարծիքը, թե Տոնոյանը բանտարկված է 44-օրյա պատերազմում հայկական ԶՈւ-ի պարտության համար, և թե Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներին ներկայացված են համանման մեղադրանքներ։ Զանգվածները չեն սիրում խորամուխ լինել մանրամասների մեջ, նրանց այն էլ բավական է, որ գեներալները ճաղերի հետևում են, մեղադրյալի աթոռին, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել։ Տոնոյանից բացի՝ հրապարակային դատավարություն ոչ ոք չի պահանջում

Քանի դեռ Փաշինյանի ռեժիմն իշխանության ղեկին է, ժողովուրդը չի ստանա մի շարք հարցերի պաշտոնական պատասխանները։ Ումի՞ց է բխել սպառազինությունների գնման ցանկը փոխելու նախաձեռնությունը։ Ինչո՞ւ է որոշվել դադարեցնել առաջնագծում համալրումը 44-օրյա պատերազմի 3-րդ օրը։ Ո՞վ է որոշում կայացրել Լելե Թեփե բարձունքը գրոհելու մասին: Ո՞վ է ոչնչացրել պատերազմի 4-րդ օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար։ Տոնոյանը բանտից հաստատեց Գասպարյանի ելույթի փաստը, սակայն Անվտանգության խորհրդի նիստի տեսագրությունում այդ ելույթը բացակայում է։ Ակնհայտ է, որ այն մոնտաժվել է։ Ինչո՞ւ է Փաշինյանը քաղաքական ուժերից թաքցրել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը: Հարցերի ցանկը կզբաղեցներ թերթի բազմաթիվ էջեր…